Մի քիչ թույլ էր 57.6 տոկոս ստանալը, մենք ավելի բարձր արդյունք էինք սպասում, 60 տոկոսից ավել պետք է Արգիշտի Մեխակյանը իր թիմով հավաքեր, բայց սա էլ ոչինչ, 50 տոկոս պլյուս մեկը արդեն ջախջախիչ արդյունք է։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց Վեդի խոշորացված համայնքի ղեկավար, ՔՊ-ական Գարիկ Սարգսյանը՝ անդրադառնալով Վսղարապատում կիրակի տեղի ունեցած ընտրությունների արդյունքներին։
Նրա խոսքով, ընդդիմության նպատակը Գյումրիի սցենարը կրկնել էր ու եթե չի կրկնվում այդ սցենարը, դա նշանակում է ջախջախիչ պարտություն ընդիմության համար։
«Արդյունքները գոհացուցիչ էին, բայց կարող էր ավելի լավ լիներ, միշտ ավելի շատ աշխատելու տեղ կա։ Ի՞նչ վատ կլիներ, որ ասենք ունենայինք 20, 21, 22 մանդատ, հիմա ունենք 19, էլի դժգոհ չենք, գոհ ենք»,–ասաց Գարիկ Սարգսյանը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Վաղարշապատում ընտրությունների արդյունքները լավ խթան են Վեհարանն «ազատագրելու» համար, նա ասաց. «Ես ոչ մի պլան չունեմ։ Չեմ մեկնաբանում, ես Վեդի համայնքի ղեկավարն եմ, Վեհարանի գրոհելու, ազատագրելու հարցերով չեմ զբաղվում»։
Հարցին՝ դե՞մ է այդ գործընթացին, Գարիկ Սարգսյանն արձագանքեց. «Դեմ եմ սրբապիղծներին Վեհարանից մաքրելո՞ւն, ոչ, իհարկե։ Վեհարանն են ազատագրում, Վեհարանի դեմ մենք ոչինչ չունենք։ Վեհարանն են գրոհում, ես գրոհելու հետ որևէ խնդիր չունեմ։ Մենք չենք գնալու զենքերով, զորքով, խնդրում եմ այլ կերպ մի ձևակերպեք, այլ եզրույթներ մի կպցրեք։ Իրենք պետք է ինքնակամ հեռանան, ինձ թվում է ժամանակը մոտ է»։





























