Բրազիլիայի Կամպինասի համալսարանի գիտնականները ստեղծել են անսովոր արտադրանք՝ շոկոլադե համով մեղր: Նրանք օգտագործել են տեղական անխայթ մեղուների մեղրը, որոնք ապրում են արևադարձային շրջաններում և հայտնի են իրենց բուրավետ, թեթևակի թթվաշ մեղրով:

Իրենց հայտնագործության մասին նրանք հրապարակել են ACS Sustainable Chemistry & Engineering հանդեսի հոդվածում:

Հետազոտողները որոշել են համատեղել երկու բնական արտադրանք, որոնք սովորաբար չեն խառնվում՝ մեղրը և կակաոյի հատիկների կեղևները՝ հենց այն կեղևները, որոնք սովորաբար շոկոլադի արտադրության թափոն են: Նրանք օգտագործել են նուրբ ուլտրաձայնային մեթոդ, որը ստիպում է մեղրը թեթևակի թրթռալ՝ կակաոյի հատիկից համային մոլեկուլներ և օգտակար միացություններ ազատելով:

Արդյունքում, մեղրը հարստանում է շոկոլադի բույրով և ստանում է դրա որոշ կենսաբանորեն ակտիվ բաղադրիչներ՝ թեոբրոմին, կոֆեին և հակաօքսիդանտներ, որոնք նպաստում են սրտի առողջությանը և նվազեցնում բորբոքումը: Գիտնականները նշում են, որ համը կարող է կարգավորվել. որքան շատ կակաոյի կեղևներ են օգտագործվում, այնքան ավելի հարուստ է շոկոլադի համը:

Թիմը փորձարկել է հինգ տարբեր տեսակի անխայթ մեղուների մեղր և ընտրել է լավագույն խոնավությունն ու հարստությունը ունեցող տեսակները։ Նրանք ընդգծում են, որ իրենց տեխնոլոգիան էկոլոգիապես մաքուր է. այն հնարավորություն է տալիս օգտագործել նախկինում սննդի թափոն համարվող նյութը՝ այն վերածելով արժեքավոր արտադրանքի։

Հետազոտողներն արդեն արտոնագրի դիոմւմ են ներկայացրել։ Նրանք հույս ունեն, որ ապագայում այս մեթոդը կօգտագործեն փոքր ֆերմերներն ու կոոպերատիվները՝ ստեղծելով բնական «շոկոլադե մեղր»՝ համեղ, եզակի և լիովին բնական։