Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ ՊՆ-ն պետք է ազատվի ռիսկային կադրերից Զինված ուժերում։

Նա այս մասին ասել է նոյեմբերի 24-ին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավորների հարցերին։

Պատգամավորներից մեկի հարցին, թե ինչու վերջին շրջանում մի շարք փորձառու սպաներ ազատվել են կամ հեռացվել ծառայությունից, Պապիկյանը մասնավորապես պատասխանել է․ «Պետք է հասկանալ, թե իրականում ինչ փորձ ունեին այդ մարդիկ։ Մենք գործ ունենք մի համակարգի հետ, որի խնդիրների մասին գաղտնիք չէ, որ հաճախ է խոսվել։ Հետևաբար պետք է ազատվել ռիսկային մարդկանցից, ինչը հիմա էլ տեղի է ունենում»։