Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մենը նախազգուշացրել է Հյուսիսային Կորեայի հետ պատահական բախումների վտանգների մասին՝ նշելով, որ Սեուլը պետք է շարունակաբար և համբերատար ջանքեր գործադրի Փհենյանի հետ երկխոսության վերականգնման ուղղությամբ՝ այդ ռիսկերը նվազեցնելու համար, հայտնում է Yonhap-ը։

Լին միջկորեական հարաբերություններին գնահատական է տվել մամուլի ասուլիսում՝ իր Յոհաննեսբուրգից Անկարա ուղևորության ընթացքում, որը ներառված է Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի չորս երկրների այցի շրջանակում։

«Միջկորեական հարաբերությունները դարձել են ծայրահեղ թշնամական և հակամարտային, իսկ Հյուսիսային Կորեան ձեռնարկում է ծայրահեղ քայլեր՝ չունենալով անգամ նվազագույն վստահության մակարդակ։ Մենք գտնվում ենք չափազանց վտանգավոր իրավիճակում, երբ պատահական բախումներ կարող են բռնկվել ցանկացած պահի», — ասել է Լին լրագրողներին։

Նա կրկին կոչ է արել երկխոսության՝ այն բանից հետո, երբ Սեուլը առաջարկել էր անցկացնել ռազմական բանակցություններ՝ հստակեցնելու դեմարկացիոն գիծը և կանխելու սահմանին չնախատեսված բախումները։

Այս առաջարկը հնչել է այն դեպքերի ֆոնին, երբ հյուսիսկորեացի զինվորները կարճ ժամանակով հատել են դեմարկացիոն գիծը՝ տարածքը մաքրելու կամ բուֆերային գոտում ականներ տեղադրելու ընթացքում։

Պատասխանելով հարցին, թե արդյոք Հարավային Կորեան կարող է քննարկել ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժությունների չեղարկման հարցը՝ Փհենյանին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու նպատակով, Լին ասել է, որ դեռ վաղ է եզրակացություններ անել՝ այս հարցը անվանելով «ամենազգայունը» Հյուսիսային Կորեայի համար։ Նա հավելել է, որ թեև երկարաժամկետ հեռանկարում ցանկալի կլիներ կայուն խաղաղության ռեժիմ, որտեղ մեծածավալ զորավարժությունների կարիք չի լինի, սակայն դրանց անցկացման որոշումները պետք է կախված լինեն փոփոխվող հանգամանքներից։