Ազգային անվտանգության ծառայության Գլխավոր հետախուզական վարչության հիման վրա նախատեսվում է ստեղծել արտաքին հակահետախուզության ստորաբաժանում։ Այս մասին նոյեմբերի 24-ին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է ԱԱԾ փոխտնօրեն Եսայի Մկրտչյանը՝ «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխությունների և հարակից օրենքներում լրացումների փաթեթի քննարկման ժամանակ։
Օրենսդրական փաթեթի համաձայն, նշված ստորաբաժանումը նաև ապահովելու է Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգությունը արտասահմանյան պետություններում։
Հետախուզական և հակահետախուզական մարմինների փոխգործակցության կարգի սահմանումը վստահվելու է վարչապետին։ «ՀՀ ազգային անվտանգության մարմիններին առաջարկվում է նաև ապահովել, այդ թվում՝ էլեկտրոնային տեսքով, պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների տեղեկատվական համակարգերին ու տվյալների բազաներին հասանելիությունը՝ օրենքով իրենց վերապահված գործառույթների իրականացման համար», — հավելել է Մկրտչյանը։
Քննարկումներից հետո օրենսդրական նախաձեռնությունը ստացել է Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը։





























