Ուկրաինայում վերջին օրերին ցրտից մահացածների թիվը հասել է 63-ի:
Ուկրաինայի առողջապահության նախարարության տվյալներով` վերջին վեց օրերին ցրտահարության գանգատներով 1146 մարդ է դիմել բժշկական հաստատություններ, որոնցից 945-ը հոսպիտալացվել են: Նախօրեին հաղորդվել էր 43 մահացածների մասին:
Այսօրվա դրությամբ, երկրում ջեռուցվող 2132 ապաստարաններ են գործում: Մոտ ժամանակներս ծրագրվում է բացել եւս 91-ը:
2012 հունվարի 27-ից փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում ջերմություն եւ տաք սնունդ ստանալու համար ավելի քան 41300 մարդ է դիմել, հաղորդում է rbc-ն:
Ուկրաինայի ԱԻՆ հիդրոօդերեւութաբանական կենտրոնի տվյալներով` մոտակա օրերին երկրում սպասվում են ուժեղ սառնամանիքներ` գիշերային ժամերին 25-30 աստիճան ցուրտ, Մերձկարպատներում եւ երկրի հյուսիսային հատվածներում` մինչեւ 33 աստիճան ցուրտ: Օդի ցերեկային ջերմաստիճանը կկազմի 17-22 աստիճան ցուրտ: Երկրի հարավային, արեւելյան շրջաններում եւ Դնեպրոպետրովսկի շրջանում գիշերային ջերմաստիճանը կնվազի մինչեւ 20-25 աստիճան ցրտի, իսկ ցերեկը կկազմի 12-17 աստիճան ցուրտ: Կարպատներում եւ Ղրիմում գիշերը կլինի 18-23, ցերեկը` 8-13 աստիճան ցուրտ:




























