ԱՄՆ-ն Սուդանում հակամարտության կողմերին ներկայացրել է խաղաղության համաձայնագրի նախագիծ, սակայն ո՛չ Սուդանի բանակը, ո՛չ էլ «Արագ արձագանքման ուժերը» (RRF) դեռևս չեն համաձայնվել այն ընդունել։ Դրա մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի Աֆրիկայի հարցերով ավագ խորհրդական Մասադ Բուլոսը Աբու Դաբիում մամուլի ասուլիսում, հայտնում է ТАСС-ը։

Նրա խոսքով՝ փաստաթուղթը կողմերն «ընդհանուր առմամբ դրական» են ընդունել, սակայն տեքստի վերաբերյալ համաձայնության չեն հասել։ Բուլոսը նշել է, որ Վաշինգտոնը հանձնառու է պահպանելու համաձայնագրի սկզբնական տարբերակը, մինչդեռ Սուդանի բանակը մի շարք նախապայմաններ է առաջ քաշել։ Նա ընդգծել է, որ Սուդանում ճգնաժամի լուծումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջնահերթություններից մեկն է։

Սեպտեմբերին ԱՄՆ-ն, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան և Եգիպտոսը համաձայնության են եկել սկզբունքների շուրջ, որոնք պետք է ռազմական գործողությունների դադարեցման հիմք լինեն։ Առաջարկվող ծրագիրը նախատեսում է եռամսյա հրադադար, որին կհաջորդի կայուն հրադադարի անցնելը և անցումային քաղաքական գործընթացի մեկնարկը։ Այս շաբաթ RRF ղեկավար Մոհամմեդ Համդան Դագալոն հայտարարեց մարդասիրական հրադադարին աջակցելու իր պատրաստակամության մասին։

Սուդանի զինված ուժերի գլխավոր հրամանատար Աբդել Ֆաթթահ ալ-Բուրհանը նախկինում քննադատել էր միջնորդների նախաձեռնությունը՝ այն անվանելով «ամենավատ տարբերակը» և պնդելով, որ փաստաթուղթը թուլացնում է բանակի դիրքերը և ամրապնդում RRF-ի լեգիտիմությունը։

Սուդանում հակամարտությունը շարունակվում է 2023 թվականի ապրիլից։ Այն սկսվել է ալ-Բուրհանի և Դագալոյի միջև տարաձայնությունների պատճառով և արագորեն ընդգրկել երկրի մեծ մասը։ Ճգնաժամը հանգեցրել է բնակչության լայնածավալ տեղահանման և լուրջ մարդասիրական հետևանքների, մասնավորապես Դարֆուրում և Կորդոֆանում, որտեղ RRF-ն վերահսկում է զգալի տարածքներ։