Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանը գնել է Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղին պատկանող տարածքը եւ դարձրել արգելոցի նման հատուկ պահպանվող տարածք: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԵԿՄ ղեկավար Մանվել Գրիգորյանի խորհրդական  Վարդան Վարդանյանը` անդրադառնալով լրատվամիջոցներում տարածված տեղեկություններին, թե գեներալը կոպեկներով ձեռք է բերել այդ տարածքը եւ գյուղի  բնակիչներն այդտեղ անասուններն արածեցնելու համար ամիսը 500-700 դրամ են վճարում:

«Դա իրենց մասնավոր տարածքն է, այնտեղ անասուններ չեն մտնում, որսորդներ էլ չեն մտնում, արգելված է այնտեղ որս անելը»,- ասաց Վարդան Վարդանյանը` հավելելով, որ այդ տարածքը ժամանակին պետությունից սեփականացրել է մի մարդ, այնուհետեւ նրանից գնել է Մանվել Գրիգորյանը:

Նրա խոսքով` այդտեղ Մանվել Գրիգորյանը զանազան կենդանիներ է պահում` կզաքիս, հնդկահավ եւ այլն, դա իր մասնավոր տարածքն է:

Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ Հայաստանում հայտնաբերվել է «նոր» արգելոց: Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղին պատկանող տարածքը ժամանակին «կոպեկներով» ձեռք է բերել գեներալ Մանվել Գրիգորյանը, այն դարձրել անձնական սեփականություն եւ որոշել է կոչել «արգելոց»: «Դա դեռ քիչ է` տարիներ առաջ այնտեղ անգամ «ցուցանակ» է տեղադրել, որ հասկանան` հատուկ պահպանվող տարածք է: Գյուղի բնակիչները հայտնել են, որ Գարիկի լիճ կոչվող տարածքում սեզոնին անասուններն արածեցնելու համար ամիսը 500-700 դրամ են վճարում»,- գրել էր թերթերից մեկը: