Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անդրեյ Գնատովը մեկնել են ԱՄՆ՝ ամերիկյան պատվիրակության հետ բանակցությունների համար, հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ պատասխանելով РБК-Украина-ի հարցին։

«Մեր պատվիրակությունը Ֆլորիդայում մի շարք հանդիպումներ է ունեցել ամերիկյան կողմի հետ։ Ամերիկյան կողմի հետ պատրաստել ենք որոշ լուծումներ և առաջարկներ մեր տեսլականի համար»,- ասել է Զելենսկին։

Նա նաև հաստատել է, որ խորհրդակցություններից անմիջապես հետո ամերիկյան պատվիրակությունը մեկնել է Ռուսաստան։

 «Ինչի մասին են եղել քննարկումները, դրանք կառուցողական ձևաչափով են եղել, թե ոչ, անկեղծ ասած՝ չեմ կարող պատասխանել»,- նշել է Ուկրաինայի նախագահը։

Նա շեշտել է հետագա բանակցությունների վերաբերյալ համաձայնությունը։

«Մենք համաձայնեցինք Բրյուսելում ավելի լայն ձևաչափով քննարկել մի քանի սենսացիոն հարցեր երեք կամ ավելի երկրի հետ... Եվ ամերիկյան կողմից, Ռուսաստանում կայանալիք հանդիպումից հետո մեր երկու պատվիրակությունները կհանդիպեն ԱՄՆ-ում»,- պատմել է Զելենսկին։

Նա հաստատել է, որ Ումերովն ու Գնատովն արդեն մեկնել են Միացյալ Նահանգներ։

 «Ես ավելի շատ, ավելի համապարփակ տեղեկություններ կիմանամ նրանց հանդիպումից հետո, և նրանք կզանգահարեն ինձ»,- հայտարարել է Զելենսկին։

Ամերիկյան պատվիրակության հետ հաջորդ շփման ժամկետի վերաբերյալ Զելենսկին նշել է. «Այսօր, հավանաբար... Կարծում եմ՝ այսօր, գուցե վաղը»։