The Journal-ի աղբյուրների համաձայն՝ չորս անօդաչու թռչող սարքեր խախտել են թռիչքի արգելքը եւ մոտեցել այն գոտուն, որտեղով պետք է թռչեր Ուկրաինայի նախագահի ինքնաթիռը։ Ինքնաթիռը ժամանակից շուտ է վայրէջք է կատարել, այնպես որ՝ հաջողվել է խուսափել վտանգավոր մերձեցումից։
Նախորդ երեկոյան Դուբլինի օդում նկատվել են չորս «ռազմական տիպի» անօդաչու թռչող սարքեր, որոնք շարժվում էին օդային միջանցքով, որով թռչում էր Վլադիմիր Զելենսկու ինքնաթիռը։ Ինչպես գրել է «Европейская правда»-ն, այս մասին հայտնել է The Journal իռլանդական պորտալը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Միջադեպը տեղի է ունեցել ժամը 23:00-ի սահմաններում, սակայն նախագահական ինքնաթիռը վայրէջք է կատարել մի փոքր ավելի վաղ՝ գործնականում խուսափելով անօդաչու թռչող սարքերից։
Այնուհետեւ անօդաչու թռչող սարքերը փոխել են ուղղությունը եւ ուղղվել դեպի LÉ William Butler Yeats ռազմանավը, որը, ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, գաղտնի կերպով տեղակայվել է Դուբլինի ափերի մոտ։
Չնայած հնարավոր սպառնալիքին, իռլանդական ռազմական ուժերը որոշել են կրակ չբացել։
Քննությունը պարզել է, որ անօդաչու թռչող սարքերն արձակվել են մայրաքաղաքի արեւելյան կողմից եւ մնացել են օդում երկու ժամ։ Իրավապահ մարմինները միջադեպից հետո որեւէ տեղեկություն չունեն անօդաչու թռչող սարքերի օպերատորների, նրանց թիրախների կամ գտնվելու վայրի մասին։
Լրագրողների խոսքով՝ անօդաչու թռչող սարքերը «մեծ էին, թանկ եւ նախատեսված էին ռազմական գործողությունների համար»։ Իռլանդիայի անվտանգության ծառայությունները միջադեպը որակել են որպես հնարավոր հիբրիդային հարձակում։
Արտակարգ իրավիճակից հետո երեքշաբթի տեղի է ունեցել երկրի բարձրագույն ղեկավարության հետ փակ հանդիպում։ Ռիսկերը նվազագույնի հասցնելու համար որոշում է կայացվել Զելենսկու ինքնաթիռի համար Դուբլինից հատուկ թռիչք կազմակերպել։
Հիշեցնենք, որ Իռլանդիա կատարած պաշտոնական այցի ընթացքում Ուկրաինան եւ Իռլանդիան ստորագրել են հնգամյա գործընկերության ճանապարհային քարտեզ, որը նախատեսում է համագործակցության ամրապնդում մի շարք ռազմավարական ոլորտներում։





























