Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը ուղերձ է հղել Մրցակցության համաշխարհային օրվա առթիվ։

Ուղերձում, մասնավորապես, ասվում է․ «Սիրելի հայրենակիցներ, գործընկերներ,

Շնորհավորում եմ բոլորիս Մրցակցության համաշխարհային օրվա առթիվ, որը նշվում է այսօր աշխարհի տարբեր երկրներում։

Այս տարի այն անցկացվում է «Արհեստական բանականությունը, սպառողները և մրցակցային քաղաքականությունը» խորագրի ներքո և դա պատահական չէ։ Ինչպես  ամենուր, այնպես էլ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության ոլորտում, թվային աշխարհը ձևափոխել է մեր առօրյան՝ բերելով  նոր մարտահրավերներ և նոր հնարավորություններ։

Առցանց գնումները  և էլեկտրոնային հարթակներով մատուցվող  ծառայությունները օրեցօր ավելի ու ավելի մեծ տարածում են ստանում, ինչը ստիպում է մրցակցային մարմիններին հայացքն ուղղել դեպի թվային շուկաներ, որտեղ  մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հարցերն առավել  ակտուալ են և մարտահրավերային։  ՄՍՇՊՀ-ն նույնպես ուշադրություն կիզակետում է պահում այս հարցերը՝  վարույթների իրականացման, ինչպես նաև կանխարգելիչ գործիքակազմի միջոցով լուծումներ տալով ի հայտ եկող հարցերին։

Զուգահեռ իրականության մեջ հենց այս արագ զարգացող տեխնոլոգիական միջավայրն է ստեղծում մրցակցության խթանման, նորարարությունների տարածման և սպառողների շահերի առավել արդյունավետ պաշտպանության նոր մեխանիզմներ։ Հետևաբար Հանձնաժողովը շարունակաբար ուժեղացնում  է  նաև իր թվային գործիքակազմը։

Մրցակցային քաղաքականության ուժեղացումը և արդար կանոններով գործող շուկայի ձևավորումը ինչպես ավանդական, այնպես էլ թվային շուկաներում մեզանից յուրաքանչյուրի՝ պետական մարմինների, տնտեսավարողների, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների համատեղ աշխատանքի արդյունքն է, ուստի հատկապես կարևոր են համագործակցությունը, գիտելիքի փոխանակումը և համատեղ ջանքերը։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս և ցանկանում արդյունավետ համագործակցություն, նոր նախաձեռնություններ և հաջողություններ՝ հանուն  սպառողների բարեկեցության և ազատ, բարեխիղճ մրցակցության։