«Տագնապայնությունը» ժողովրդական քվեարկության արդյունքներով դարձել է «Տարվա բառ-2025»-ի գլխավոր բառը, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են նախագծի մամուլի ծառայությունում։
«Տարվա գլխավոր բառը որոշել են ինտերնետ օգտատերերը «Читай-город» գրքային կայքի քվեարկության ընթացքում, որը տեղի է ունեցել 2025թ․ ապրիլ-դեկտեմբերին։ Այդ բառը «տագնապայնությունն» է, այն հավաքել է օգտատերերի ձայների ամենամեծ քանակությունը (36 տոկոս)՝ արտացոլելով հասարակության հուզավիճակը 2025թ․»,- նշվել է հաղորդագրությունում։
Հավակնորդ բառերից էին նաեւ «Հավատը», «Դոգովորնյաչոկը», «Կրինժը», «Սերը», «Խաղաղությունը», «Հույսը», «Սպասումը», «Փոփոխությունները», «Հաղթանակը»։
Նախագիծն իրականացնում են չորս ուղղություններով․ «Հումանիտար ոլորտ» կարգում ընտրել են այն բառերը, որոնք արտացոլել են հասարակության տրամադրությունները, առանցքային մշակութային եւ սոցիալական միտումները, կարեւոր հումանիտար գործընթացները, «Տեխնոսֆերայում»՝ այն բառերը, որոնք կապված են տեխնոլոգիաների զարգացման, նորարարությունների եւ թվային տրանսֆորմացիայի, ինչպես նաեւ հասարակության եւ առօրյա կյանքի վրա դրանց ազդեցության հետ։ «Սլենգ» ուղղությունում հավակնորդ բառերն արտացոլել են երիտասարդական եւ ինտերնետ-սլենգը, իսկ «Համաժողովրդական բառը» ընտրել են այն բառերից, որոնք օգտագործում են ինտերնետի օգտատերերը։
«Հումանիտար ոլորտ» անվանակարգի հաղթողը «ԱԲ» բառն է, արտացոլում է արհեստական բանականության կարեւոր դերը ոչ միայն որպես տեխնոլոգիա, այլեւ որպես մշակութային եւ սոցիալական երեւույթ։ Այս կարգի ցուցակում ներգրավվել են նաեւ «Հավատ», «Լաբուբու», «Սեր», «Հայրենասիրություն», «Բանակցություններ», «Հաղթանակ», «Որոնում», «Արժեքներ», «Գրաքննություն» բառերը։
«Տեխնոսֆերա» անվանակարգում առաջատարը «Պրոմպտ» բառն է, որը նշանակում է կարճ ուղեցույց ԱԲ-ի համար։ Եզրափակչում են եղել նաեւ «Ալգորիթմերը», «Անօդաչու թռչող սարքերը», «DDoS-գրոհները», «ԱԲ»-ն, «Ներմուծումից կախվածությունը», «Կիբեռանվտանգությունը», «Ազգային մեսենջերը», «Քովեր պլանը», «Թվային ռուբլին»։




























