Սոչիի կենտրոնական շրջանային դատարանը քաղաքի բնակչին, որը մեղավոր է ճանաչվել նախկին կնոջը երեխայի աչքի առաջ առանձնակի դաժանությամբ սպանելու մեջ, դատապարտել է 20 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում և հաջորդող՝ ազատության սահմանափակում երկու տարով, լրագրողներին հայտնել է Կրասնոդարի երկրամասի քննչական կոմիտեն, հայտնում է РИА Новости-ն։
«(Տղամարդը - խմբ.) մեղավոր է ճանաչվել նախկին կնոջը առանձնակի դաժանությամբ սպանելու (Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետ), նրան խոշտանգելու (Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի 1-ին մաս) և երեխայի առողջությանը դիտավորյալ վնաս հասցնելու (Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետ) մեջ։ Դատարանի վճռով դատապարտյալի համար սահմանվել է պատիժ 20 տարվա ազատազրկման տեսքով՝ խիստ ռեժիմի գաղութում և հաջորդող՝ ազատության սահմանափակում երկու տարով»,- ասվում է հայտարարության մեջ։
Գերատեսչության տվյալներով՝ 2023 թվականի նոյեմբերին տղամարդը մտել է նախկին կնոջ բնակարան, սեփական բանալիով բացել դուռը և մուրճով մի քանի անգամ հարվածել կնոջ մարմնին ու գլխին, այնուհետև դանակահարել։ Հաղորդվում է, որ ստացված վնասվածքներից կինը տեղում մահացել է։
Դատապարտված տղամարդու անչափահաս որդին գտնվել է բնակարանում և ականատես է եղել հանցագործությանը։ Հաստատվել է, որ նրա գործողությունները երեխային պատճառել են հոգեկան տառապանք, որը համարվում է միջին ծանրության մարմնական վնասվածք։
Քննությամբ պարզվել է նաև, որ 2016 թվականից ի վեր տղամարդը համակարգված կերպով բռնության է ենթարկել կնոջը՝ նրա հետ ապրելիս, նաև՝ նրա հղիության ընթացքում և երեխայի ծննդաբերությունից հետո՝ վերջինիս ներկայությամբ։
Հստակեցվել է, որ քննության ընթացքում տղամարդը քննիչի խնդրանքով գտնվել է կալանքի տակ։
Դատապարտված տղամարդուն նաև պարտավորեցվել է փոխհատուցում վճարել հանցագործության հետևանքով պատճառված բարոյական վնասի համար. 3 միլիոն ռուբլի՝ երեխային և 2 միլիոն ռուբլի՝ մահացածի մորը, հայտնել են քննչական մարմինները։ Դատավճիռը դեռևս ուժի մեջ չի մտել։




























