Պակիստանի ռազմական դատարանը հինգշաբթի հետախուզության նախկին պետին դատապարտել է 14 տարվա ազատազրկման՝ նրա դեմ մի շարք՝ մասնավորապես՝ քաղաքական գործունեության մեջ ներգրավվածության և «Պաշտոնական գաղտնիքների մասին» օրենքի խախտման մեղադրանքներով դատավարության սկսվելուց մեկ տարի անց, հաղորդում է Associated Press-ը։
Ըստ դատարանի հայտարարության՝ Ընդհանուր դաշտային դատարանը միջգերատեսչական հետախուզության նախկին գլխավոր տնօրեն, թոշակի անցած գեներալ-լեյտենանտ Ֆաիզ Համիդին դատել է Պակիստանի բանակի օրենքներով. դատավարությունը տևել է 15 ամիս։
«Մեղադրյալը դատվել է չորս մեղադրանքով՝ կապված քաղաքական գործունեության մեջ ներգրավվածության, «Պաշտոնական գաղտնիքների մասին» օրենքի խախտման, պետության անվտանգությանը և շահերին վնաս հասցնելու, իշխանության և պետական ռեսուրսների չարաշահման և մասնավոր անձանց անօրինական վնաս հասցնելու հետ»,- ասվում է հայտարարության մեջ։
Բանակում նշել են, որ «երկարատև և մանրակրկիտ» դատավարությունից հետո դատարանը Համիդին մեղավոր է ճանաչել բոլոր մեղադրանքներով և նրան դատապարտել է 14 տարվա ազատազրկման։
Ըստ հայտարարության՝ ռազմական դատարանը հետևել է բոլոր իրավական պահանջներին, և Համիդին տրվել է պաշտպանության լիարժեք իրավունք, մասնավորապես՝ փաստաբանի ընտրություն։ Նշվում է, որ Համիդն իրավունք ունի բողոքարկելու դատավճիռը համապատասխան դատարանում։
Համիդը հայտնի էր որպես բանտարկված նախկին վարչապետ Իմրան Խանի մտերիմ գործընկեր, որը 2023 թվականին ձերբակալվելուց ի վեր բազմաթիվ պատիժներ է կրում կաշառակերության և այլ մեղադրանքների համար։




























