Իսպանիայի ոստիկանությունը շաբաթ օրը հայտնել է, որ թմրանյութերի օդային շրջանառության դեմ պայքարի հազվադեպ գործողության ընթացքում ջախջախել է հանցավոր խմբավորման, որն ուղղաթիռներ է օգտագործել Մարոկկոյից հաշիշի մաքսանենգության համար, հաղորդել է Reuters-ը։

Ուղղաթիռները, որոնք կարող էին տեղափոխել 500-900 կիլոգրամ թմրանյութ, Միջերկրական ծովով թռել են հարավային Իսպանիա, որտեղից հաշիշը այնուհետեւ մեքենաներով տեղափոխվել է Եվրոպայի այլ մասեր, հայտնել է Քաղաքացիական գվարդիայի ներկայացուցիչ Գոնսալո Լոպեսը։

Մալագա, Ալմերիա եւ Մուրսիա նահանգներում կատարված խուզարկությունների ժամանակ ոստիկանությունը մեկուսացված պահեստից առգրավել է մեկ ուղղաթիռ, ինչպես նաեւ 657 կիլոգրամ հաշիշ, հինգ հրազեն, կանխիկ գումար եւ տրանսպորտային միջոցներ։

Գործողության ընթացքում, որին մասնակցել են նաեւ Մարոկկոյի, Բելգիայի եւ Շվեդիայի իրավապահ մարմիններ, ձերբակալվել է վեց մարդ։

«Ուղղաթիռները հազվադեպ են օգտագործվում թմրանյութերի մաքսանենգության համար, բայց երբեմն նրանք (հանցավոր խմբերը) փորձում են դա անել։ Հիշեք, որ ուղղաթիռները հեշտ է նկատել, բայց դժվար է գնել սեւ շուկայում»,- Reuters-ին ասել է ոստիկանության աղբյուրը։

Այս տարվա սկզբին իսպանական ոստիկանությունը բացահայտել է հանցավոր խմբեր, որոնք անօդաչու թռչող սարքեր են օգտագործել Մարոկկոյից Իսպանիա թմրանյութեր տեղափոխելու համար։ Իսպանիայի աշխարհագրական դիրքը այն դարձնում է Եվրոպա հիմնական մուտքի կետ՝ հիմնականում Մարոկկոյից եկող կանեփի եւ Լատինական Ամերիկայից մաքսանենգ ճանապարհով տեղափոխվող կոկաինի համար։