«Ալբերտ Ազարյանի անվան օլիմպիական մարզադպրոցի» մասնաշենքի կառուցման աշխատանքները ընթանում են պլանավորված ժամանակացույցին համաձայն, և բավականին արագ տեմպերով։ Այս մասին, զեկուցվեց այսօր՝ դեկտեմբերի 15–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
Նշվեց, որ աշխտանքներում շեղումներ չկան, և այսպես շարունակվելու դեպքում մարզադպրոցի բացումը տեղի կունենա 2026 թվականի աշնանը։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց. «Իրականում այս մարզադպրոցի կառուցման տեմպերը մեզ որոշակի նոր բան են ասում մեր ստանդարտների մասին։ Ասում են այն, որ այս տեմպերով հնարավոր է աշխատել և նաև հնարավոր է աշխատել որակով։ Խնդրում եմ, պարոն Թևոսյան, սա հաշվի առնել, որովհետև մենք փուլ առ փուլ բոլորից, բոլոր աշխատանքներից պահանջելու ենք մոտավորապես նմանատիպ տեմպեր։
Ես հիշում եմ, երբ որ նախագիծը քննարկվում էր, այն ժամանակ ասվում էր, որ քաղաքաշինության կոմիտեի նախագահի ինչ-որ մի հրամանի ստանդարտներով սա պետք է տևեր վեց տարի։ Նախագծով նախատեսված էր, որ այս աշխատանքները պետք է տևեն վեց տարի։ Մենք 1.5 տարում աշխատանքները ավարտին ենք հասցնելու։
Այս տեմպը ցույց է տալիս, որ դա հնարավոր է, և եթե դա հնարավոր է, դա հնարավոր է նաև մեր մանկապարտեզների, մեր բակերի դեպքում, մեր բոլոր աշխատանքների դեպքում։ Այսուհետ այս պահանջը լինելու է բոլոր ապագա շինարարական աշխատանքների վերաբերյալ։
Նախագծով ժամկետները սեղմեք, այդ ստանդարտներից դուրս եկեք, այն ստանդարտները, որոնք կան, վստահաբար դրանք վերանայման կարիք ունեն։ Վստահ եմ քաղաքաշինության կոմիտեն դրանք վերանայում է, բայց մենք առաջանցիկ այդ ստանդարտներից արդեն դուրս ավելի սեղմ ժամկետներ պետք է պահանջենք մեր կառուցապատողներից։ Մեր մրցույթներով մեր նախագծողները շատ ավելի սեղմ ժամկետ պետք է դնեն շինարարության համար։ Սա է լինելու այն տրամաբանությունը, որը մենք պահանջելու ենք մեր կապալառուներից։ Եվ խնդրում եմ՝ այս ստանդարտը ֆիքսենք, որպես ապագայում մեր պահանջ»։





























