Երևանի քաղաքապետարանի՝ դեկտեմբերի 15-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ներկայացվեցին այն աշխատանքները, որոնք կատարվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում: Ըստ այդմ՝ գործարկվել է էմերջենսի՝ անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը, որը համալրված է անհրաժեշտ բուժսարքավորումներով, առանձնացվել է արագացված ախտորոշման գոտի, գործարկվել են նեղ մասնագիտական խորհրդատվական սենյակներ, նոր ռենտգեն կաբինետ, նմուշառման սենյակ, վերանորոգվել են վերականգնողական ֆիզիոթերապիայի բաժանմունքը, մանկական հիվանդասենյակները: Բարձրացվել է բժշկական կենտրոնի էներգաարդյունավետությունը, բուժկենտրոնի տանիքին տեղադրվել են արևային վահանակներ, կառուցվել է թթվածնի արտադրության կայան, տեղադրվել են երկու գերհզոր՝ 630 Կիլովատտ էլեկտրական հոսանքի տրանսֆորմատորներ և պահեստային հոսքագծերի ավտոմատ միացման փոխանջատիչներ, կառուցվել են մատչելի մուտքեր, բուժկենտրոնի տարածքում հիմնարար փոխվել է երթևեկության սխեման, ներդրվել է հիվանդանոցի տարածքի միակողմանի երթևեկություն և այլ աշխատանքներ:

Անդրադառնալով կատարված աշխատանքին՝ Ավինյանն ընդգծեց՝ շատ մեծ աշխատանք է կատարվել. «Իրականում մեր բժշկական կենտրոնները իրենք մրցակցում են նաև մասնավոր գործընկերների հետ և Երևանի քաղաքապետարանը պարտավոր է այնպես անել, որպեսզի մեր բժշկական կենտրոնների մատուցված ծառայությունները լինեն բարձր որակի, որպեսզի մեր ենթակառուցվածքը լինի նորագույն ստանդարտներին համապատասխան։ Կարծում եմ՝ այդ խնդիրը մեր բոլոր բժշկական կենտրոններում մենք փուլ-փուլ լուծում ենք։

Չեմ ուզում առավելություն տալ մեր բժշկական կենտրոններից որևէ մեկին, բայց նաև ուզում ենք, որ երևանցիները, որոնք օգտվում են Երևան քաղաքին պատկանող բժշկական կենտրոնների ծառայություններից, վստահ լինեն, որ ծառայությունները լինելու են բարձր որակով, իրենց երեխաների մասին հոգ ենք տանելու»,–ասաց քաղաքապետը։

Ըստ Ավինյանի՝ երբ քաղաքացին գալիս է Երևանին պատկանող որևէ բժշկական կենտրոն, պետք է զգա, որ իր մասին ամենաբարձր մակարդակով հոգ են տանում: Քաղաքապետը կարծում է՝ այս հանգամանքը նույնիսկ ենթակառուցվածքից կարևոր է:

«Հանուն արդարության եկեք ընդունենք, որ մեր բժշկական կենտրոնները շատ հետ էին մասնավորից: Մենք պետք է բերենք հասցնենք ինչ-որ մակարդակի, որից հետո իրենք իրենցով պետք է առաջ շարժվեն: Մյուս կողմից մենք պետք է հիշենք, որ մենք մրցակցության մեջ ենք, և այդ մրցակցության կանոնները մենք չենք ուզենա չափից ավել ներդրումներով խախտել։

Ես տեսնում եմ, որ աշխատանքն արվում է, շատ գովելի է, գնահատելի է, և այս աշխատանքը պետք է ունենա շարունակական բնույթ: Արդեն ինչ-որ փուլից իրենք իրենցով, առանց մեր հավելյալ աջակցության, պետք է դա կարողանան իրականացնել»,- ասաց նա: