Մենք սովոր ենք կարծել, որ աշխարհն ընկալում ենք հինգ զգայարանների միջոցով՝ տեսողության, լսողության, հոտառության, համի և շոշափելիքի։ Սակայն ժամանակակից հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդկային ընկալումը շատ ավելի բարդ է կառուցված։ Նեյրոկենսաբանների գնահատմամբ՝ մարդը կարող է ունենալ երկու-երեք տասնյակ տարբեր զգայություններ, որոնք անընդհատ փոխազդում են միմյանց հետ։ Այս մասին հայտնում է The Conversation պորտալը։

Մեր գրեթե ողջ փորձառությունը բազմազգայական է։ Մենք «առանձին չենք տեսնում» կամ «առանձին չենք լսում»․ տարբեր զգայարաններից ստացվող ազդակները միավորվում են աշխարհի և սեփական մարմնի միասնական պատկերի մեջ։ Այն, ինչ մենք զգում ենք մաշկով, ազդում է մեր տեսողության և լսողության վրա, իսկ հոտերը կարող են փոխել հյուսվածքի և համի զգացողությունը։

Այսպիսով, վարդի բուրմունքը կարող է մազերը շոշափելիս ավելի «մետաքսանման» դարձնել, իսկ անյուղ յոգուրտների բույրերը կարող են ստեղծել թանձրության և հագեցվածության զգացողություն՝ առանց ճարպերի հավելման։ Համի ընկալումը կախված է ոչ միայն լեզվից, այլև հոտառությունից, սննդի հյուսվածքից և նույնիսկ շրջակա աղմուկի մակարդակից։

Նեյրոկենսաբաններն առանձնացնում են մի շարք զգայություններ, որոնք հազվադեպ են գիտակցվում: Պրոպրիոցեպցիան թույլ է տալիս մեզ զգալ ձեռքերի և ոտքերի դիրքը՝ առանց դրանց նայելու: Հավասարակշռության զգացումը ձևավորվում է վեստիբուլյար ապարատի, տեսողության և մկանային զգացողությունների աշխատանքի շնորհիվ: Ինտերոցեպցիան օգնում է հետևել օրգանիզմի ներքին ազդակներին՝ սովին, սրտխփոցի արագացմանը, լարվածությանը:

Գոյություն ունեն նաև ընկալման ավելի նուրբ ձևեր, օրինակ՝ սեփական մարմնին «տիրապետելու» զգացողությունը կամ շարժվելիս սեփական ակտիվության ընկալումը: Ինսուլտից հետո որոշ պացիենտների մոտ այս զգայությունները կարող են խաթարվել. մարդը զգում է հպումները, բայց ձեռքը չի ընկալում որպես իրենը:

Նույնիսկ սովորական «հինգ զգայարանները» իրականում բաղկացած են մի քանի համակարգերից: Շոշափելիքը միավորում է ցավը, ջերմաստիճանը, քորը և ճնշումը: Իսկ համը սեփական համային ռեցեպտորների, հոտառության և բերանի մեջ ոշափողական զգացողությունների համադրությունն է: Լեզուն տարբերակում է միայն հինգ հիմնական համ՝ քաղցր, աղի, թթու, դառը և ումամի: Բոլոր բարդ համերը՝ ելակից մինչև մանգո, ձևավորվում են հիմնականում հոտերի հաշվին, որոնք բերանից քթըմպանի միջոցով հայտնվում են քթի մեջ:

Զգայությունների փոխազդեցությունը հաստատվում է նաև փորձարկումներով։ Օրինակ՝ ինքնաթիռի սրահի աղմուկը նվազեցնում է քաղցրի և աղիի նկատմամբ զգայունությունը, բայց գրեթե չի ազդում ումամիի վրա։ Հենց այդ պատճառով էլ տոմատի հյութը, որը հարուստ է այս համով, թռիչքի ժամանակ առանձնապես հաճելի է թվում։

Մուլտիսենսորային ընկալման հետազոտությունները կատարվում են փիլիսոփայության, հոգեբանության և նեյրոգիտությունների հատման տիրույթում։ Գիտնականները ցույց են տալիս, որ նույնիսկ այնպիսի պարզ բաները, ինչպիսիք են քայլերի ձայնը կամ ունկնդրին ուղղված ձայնը, կարող են փոխել սեփական մարմնի ընկալումը և բարելավել տեսողական տեղեկատվության մտապահումը։

Մասնագետներն ընդգծում են՝ մեր զգայությունները շատ ավելի բարդ ու նուրբ են, քան թվում է։ Եվ եթե մի պահ կանգ առնենք՝ զբոսանքի կամ սնվելու ժամանակ, կարող ենք նկատել, թե հատկապես ինչպես են դրանք միասին ստեղծում աշխարհի մեր զգացողությունը։