Արագածոտնի մարզում դեկտեմբերի 24-ին տեղի ունեցած վրաերթի հետևանքով տուժած 3 անչափահաս քույրերը դուրս են գրվել Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, NEWS.am–ի հետ զրույցում հայտնեցին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից։ 

«Տուժածներից երեքն էլ ստացել էին սալջարդեր, առողջական գնահատվում է բավարար։ Երեկ գիշերը իրենց ցանկությամբ դուրս են գրվել հիվանդանոցից»,– հայտնեցին բժշկական կենտրոնից։

NEWS.am–ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ Արագածոտնի մարզում տեղի ունեցած վրաերթի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտել։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24-ին, Աշտարակ քաղաքի հրապարակում, հետիոտնային անցման վրա վրաերթ է տեղի ունեցել։ Ժամը 22։15-ի սահմաններում «Hongqi»-ով մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտների, Արագածոտնի մարզի բնակիչների։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և վիրավորները տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։