Air France ավիաընկերության օդաչուները քառօրյա գործադուլ են հայտարարել: Այն սկսվել է նախօրեին` փետրվարի 6-ին, ֆրանսիական ավիափոխադրող ընկերությունն արդեն հետաձգել է իր հերթական բոլոր չվերթների 20%-ը:
Բողոքի ակցիայի առաջին օրը, Air France-ի ղեկավարության հաղորդմամբ, ավիաընկերությանը հաջողվել է իրականացնել հեռավոր չվերթների 85%-ը եւ ներեվրոպական չվերթների 75%-ը: Փետրվարի 8-ին ընկերությունն ակնկալում է իրականացնել հեռավոր չվերթների կեսը եւ ներքին չվերթների նվազագույնը 70%-ը:
Ավիաընկերության ղեկավարությունը հաճախորդներին կոչ է անում հնարավորինս հետաձգել թռիչքները` մինչեւ գործադուլի ավարտը: Փետրվարի 6-9-ի համար տոմսեր գնածներին Air France-ը շուրջ 25 հազար SMS-հաղորդագրություններ եւ էլեկտրոնային նամակներ է ուղարկել` նրանց չվերթների հնարավոր հետաձգման նախազգուշացմամբ:
Այն ուղեւորներին, որոնց չվերթները հետաձգվում են գործադուլի պատճառով, Air France-ը խոստանում է փոխհատուցել տոմսի արժեքը կամ տեղափոխել թռիչքն այլ ամսաթվերի: Այն ուղեւորները, որոնց թռիչքները հետաձգվում են ավելի քան 5 ժամ, նույնպես կարող են փոխհատուցման հույս ունենալ, հայտնում է Agence France-Presse-ը:
Օդաչուների ազգային մասնագիտական խորհուրդը մեկնաբանել է, որ գործադուլին մասնակցում են ավիաընկերության օդաչուների կեսը, նրանց են միացել ֆրանսիական այլ ավիափոխադրողների աշխատակիցներ, գրում է rbc-ն:
Բողոքի ակցիան ուղղված է նոր օրինագծի դեմ, ըստ որի` գործադուլի մասնակիցները ղեկավարությանը պետք է տեղյակ պահեն աշխատանքի չգալու մասին 48 ժամ առաջ: Այն արդեն ընդունվել է Ֆրանսիայի խորհրդարանի Ներքին պալատում եւ փետրվարի 15-ին կվերանայվի սենատի կողմից: Նմանատիպ օրենք 2007 թվականից գործում է հասարակական տրանսպորտի աշխատակիցների վերաբերյալ:
Air France – KLM -ն ընկերություն է, որը թռիչքներ է իրականացնում 244 ուղղություններով:




























