ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2025թ․ ֆրանսիական լրատվամիջոցներում ամենից շատ ուշադրության արժանացած անձնավորությունն է, նրա անունը հիշատակվել է գրեթե 1 միլիոն հոդվածում, վկայում են Tagaday մեդիա մոնիթորինգի հարթակի տվյալները, որոնք ուրբաթ օրը մեջբերել է Ouest-France պարբերականը։

«ԱՄՆ նախագահի անունը գրվել կամ արտասանվել է ավելի քան 947 հազար հոդվածում»,- տեղեկացրել է պարբերականը։

2013 թվականից Tagaday-ը սկսեց հավաքել վիճակագրություն հեռուստատեսությունում, ռադիոյում, տպագիր եւ առցանց լրատվամիջոցներում հիշատակումների վերաբերյալ, այդ ընթացքում զբաղեցրել է առաջին տեղը Ֆրանսիայի նախագահը, բայց այս տարի առաջին անգամ նրանից առաջ են անցել։ Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը զբաղեցրել է երկրորդ տեղը, նրա անունը հիշատակվել է մոտավորապես 671 հազար հոդվածում։

Առաջին հնգյակում են եղել նաեւ Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Բայրուն, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ֆրանսիայի նախկին ներքին գործերի նախարար Բրունո Ռետայոն։

2024թ․ առաջին հինգ տեղերը բաշխվել են հետեւյալ կերպ՝ Մակրոն, Ֆրանսիայի նախկին վարչապետ Գաբրիել Աթալ, Թրամփ, Ֆրանսիայի նախկին վարչապետ Միշել Բարնիե եւ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդեն։

Մարզիկների շրջանում ֆրանսիական լրատվամիջոցներում 2025թ․ ամենաշատը հիշատակվել է Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Կիլիան Մբապեն, որը զբաղեցրել է 13-րդ տեղը։

Նշվել է, որ միայն երկու կին է ընդգրկվել լավագույն քսանյակում՝ Մարին լը Պենը՝ ֆրանսիական աջակողմյան ազգայնական «Ազգային միավորում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարը (8-րդ տեղ) եւ ֆրանսիացի երգչուհի Santa-ն (19-րդ տեղ)։