Թաիլանդի բանակը վերահսկողություն է հաստատել Թաիլանդի Սակեու նահանգի կարեւորագույն տարածքների նկատմամբ Կամպուչիայի հետ սահմանային հակամարտության ընթացքում։ Այս մասին նշվել է Թաիլանդի ցամաքային ուժերի առաջին ռազմական օկրուգի հայտարարության մեջ։

«Բուրաֆա» օպերատիվ խումբը վերահսկողություն է հաստատել Բան Կհլոնգ Պհենգի, Բան Նոնգ Յաա Կաեի եւ Բան Նոնգ Չանի նկատմամբ։ Զինվորականները պատրաստվում են դիրքեր գրավել առաջնագծի երկայնքով եւ կպատասխանեն հարձակողական գործողություններին՝ տարածքը վերահսկելու եւ իրենց դիրքերը պահպանելու համար»,- նշվել է հայտարարության մեջ։

Դեկտեմբերի 8-ին Թաիլանդի զինված ուժերը հայտարարել էին «Բուրաֆա» գործողության մեկնարկի մասին՝ Կամպուչիային սահմանակից Սակեու նահանգի ինքնիշխան տարածքը վերադարձնելու համար։ Թաիլանդի արտաքին գործերի նախարարությունը նախկինում կոչ էր արել Կամպուչիային դադարեցնել նահանգում բնակավայրերի ընդլայնումը, Թաիլանդի տարածք ներխուժումը եւ պահանջել էր դուրս բերել կամպուչիացի քաղաքացիներին։ Սակեուի Բան Նոնգ Չան գյուղում կա կամպուչիական բնակավայր։ 1979թ․ կամպուչիա-վիետնամական հակամարտության ժամանակ այնտեղ ապրել է մոտ 13 հազար փախստական։ Մարտական ​​գործողությունների ավարտից հետո նրանցից մի քանիսը մնացել են այնտեղ։ Այդ ժամանակ Թաիլանդի կառավարությունը խրախուսել է նրանց ինտեգրումը։ Հետագայում Կամպուչիան հայտարարել է տարածքի հանդեպ իր իրավունքների մասին։

Կամպուչիա-Թաիլանդ սահմանին հրազենի կիրառմամբ բախումները սկսվել են դեկտեմբերի 7-ին: Դեկտեմբերի 8-ին Թաիլանդի ցամաքային ուժերը հայտնել են, որ կամպուչիական զորքերը սկսել են հրետակոծել սահմանային գոտում գտնվող թաիլանդական դիրքերը: Թաիլանդի ռազմաօդային ուժերը պատասխանել են՝ հարձակվելով կամպուչիական ռազմական ենթակառուցվածքի վրա: