Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Թրամփի հետ հանդիպման ժամանակ քննարկելու են տարածքային հարցեր, Զապորոժյեի ԱԷԿ-ը և այլ թեմաներ, հաղորդում է УНИАН-ը։
Զորքերի թվաքանակի հարցի վերաբերյալ Զելենսկին նշել է, որ Ուկրաինան գոհ է պայմանագրով նախատեսված զորքերի այժմյան թվաքանակից։
Ըստ նրա՝ համաձայնագիրը գրեթե պատրաստ է, արդեն սեղանին է, և ստորագրումը կախված կլինի հանդիպման ընթացքից:
«Իհարկե, առանց Ռուսաստանի ոչինչ չի ստորագրվի, բայց կա նաև երկկողմ համաձայնագիր Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև։ 20 կետից բաղկացած ծրագիրը ներառում է ընտրությունների և հանրաքվեի հարցը։ Կարծում եմ՝ Ուկրաինայի ճակատագիրը որոշում է Ուկրաինայի ժողովուրդը, և դա արդարացի է»,- հավելել է Զելենսկին։
Նա նշել է, որ ընտրությունների հարցը բարձրացրել են ամերիկացիները։
Զելենսկին շեշտել է, որ ինչպես ընտրությունների, այնպես էլ հանրաքվեի դեպքում քննարկման հիմնական թեման անվտանգությունն է, և գործընկերները բավարար ռեսուրսներ ունեն այն ապահովելու համար։
«Մենք պետք է գտնենք բանակցային ձևաչափ, որում ներկայացված լինի նաև Եվրոպան։ Եթե Ուկրաինայի դիրքորոշումը կառուցողական է, իսկ Ռուսաստանը չի համաձայնում դրան, նշանակում է, որ ճնշումն աննշան է, և մենք դա կքննարկենք նախագահ Թրամփի հետ։
Մենք պայմանավորվածություններ ունենք գործընկերների հետ՝ մեր տարածքում նրանց զորքերի տեղակայման վերաբերյալ՝ հրադադարի կամ պատերազմի ավարտի ամբողջ ընթացքում։ Կոալիցիան ներկայում ներառում է 30 երկիր. մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ»,- ընդգծել է Զելենսկին։





























