ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի Մար-ա-Լագոյում կհյուրընկալի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ փորձելով համաձայնության գալ ԱՄՆ խաղաղության ծրագրի շուրջ, գրում է Axios-ը։

Այդ հանդիպումը բանակցություններում զգալի առաջընթացի նշան է։ Թրամփը նախկինում հայտարարել էր, որ Զելենսկու հետ կհանդիպի միայն այն դեպքում, եթե զգա, որ համաձայնագիրը մոտ է։

Նախագահների հանդիպումը տեղի կունենա Ֆլորիդայում Թրամփի խորհրդականներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների, ինչպես նաև Ռուսաստանի և Ուկրաինայի գլխավոր բանակցողների միջև շաբաթավերջյան բանակցություններից հետո։

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան Ումերովի և Ռուսաստանի դեսպան Կիրիլ Դմիտրիևի հետ բանակցություններն անվանել է «դրական և կառուցողական»։

«Մենք ռուսների և ուկրաինացիների հետ հնարավորինս շատ առաջընթաց ենք գրանցել։ Վերջին երկու շաբաթվա ընթացքում ավելի շատ առաջընթաց ենք գրանցել, քան անցյալ տարվա ընթացքում։ Մենք ճիշտ ուղղությամբ ենք շարժվում»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։

Ըստ երկու երկրի պաշտոնյաների՝ համաձայնագրի մեծ մասի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև, մասնավորապես՝ անվտանգության երաշխիքների շուրջ, որոնք Կիևը կստանա ԱՄՆ-ից և Եվրոպայից: Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան հաստատել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է անվտանգության երաշխիքներ տրամադրել ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի հիման վրա։

Գլխավոր խոչընդոտը մնում է ամբողջ Դոնբասը վերահսկելու՝ Մոսկվայի պահանջը։

Վաշինգտոնն առաջարկել է տարածքի մի մասում ստեղծել ապառազմականացված ազատ տնտեսական գոտի, մինչդեռ Ուկրաինան առաջարկում է զորքերի համաչափ դուրսբերում և հանրաքվե։