ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ Politico-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ մտադիր է լինել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության համաձայնագրի գլխավոր արբիտրը։
Սպասվում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կիրակի Ֆլորիդայում կհանդիպի Թրամփի հետ և լրագրողներին հայտնել է, որ իր հետ կբերի 20 կետից բաղկացած նոր խաղաղության ծրագիր։ Ծրագիրը ներառում է ապառազմականացված գոտու ստեղծում, և հանդիպումը, ինչպես սպասվում է, կկենտրոնանա ԱՄՆ անվտանգության երաշխիքների վրա։
Սակայն հարցազրույցում Թրամփը, կարծես, բավականին սառն էր վերաբերվել Զելենսկու վերջին առաջարկին և չէր շտապում հավանություն տալ Ուկրաինայի նախագահի առաջարկը։
«Նա ոչինչ չի ստանալու, մինչև ես չհաստատեմ այն,- ասել է Թրամփը։ -Այնպես որ, կտեսնենք՝ ինչ ունի»։
Նա կարծում է, որ կարող է արդյունավետ հանդիպում ունենալ այս շաբաթավերջին։
«Ըստ իս, նրա հետ ամեն ինչ լավ կընթանա։ Կարծում եմ՝ [Վլադիմիր] Պուտինի հետ էլ ամեն ինչ լավ կընթանա»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ ակնկալում է շուտով խոսել Ռուսաստանի առաջնորդի հետ, «այնքան, որքան ցանկանամ»։
Թրամփը հաստատել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ևա այս շաբաթավերջին կայցելի իրեն։ «Զելենսկին և Բիբին գալիս են ինձ մոտ։ Նրանք բոլորը գալիս են,- ասել է Թրամփը։ -Նրանք կրկին կսկսեն հարգել մեր երկիրը»։
NBC-ի տվյալներով՝ Նեթանյահուն Թրամփին կտեղեկացնի Իրանի կողմից աճող սպառնալիքի մասին։
Զելենսկու հետ հանդիպման ժամանակ, անվտանգության երաշխիքներից բացի, կքննարկվեն Զապորոժյեի ատոմակայանի կառավարման և Դոնբասի՝ Մոսկվայի կողմից պահանջվող արևելյան տարածքների վերահսկողության հարցերը։
Ապառազմականացված գոտի ստեղծելու մասին Զելենսկու առաջարկը, ուղեկցվել է հիմնական պայմանով. Ռուսաստանը պետք է հեռացնի իր զորքերը Դոնեցկի համապատասխան տարածքից։
Ռուսաստանը որևէ նշան չի ցույց տվել, որ պատրաստ է ընդունել տարածաշրջանի նկատմամբ լիակատար վերահսկողությունից պակաս որևէ բան, ինչն ընդգծում է երկու կողմերի միջև առկա հարատև խորացող անդունդը։
Սակայն Թրամփը նշել է, որ Ռուսաստանի տնտեսությունը գտնվում է լուրջ ճնշման տակ։ «Նրանց տնտեսությունը ծանր, շատ ծանր վիճակում է»,- ասել է նա։




























