Ուկրաինայում քննարկում են ընտրությունները հիբրիդային ձևաչափով անցկացնելու հնարավորությունը, որը կհամատեղի օնլայն և օֆլայն քվեարկությունը։ Հատուկ ուշադրություն է դարձվում արտերկրում գտնվող քաղաքացիների և երկրի ներսում տեղահանված անձանց մասնակցությանը, հայտարարել է Գերագույն ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության նախագահ Դավիթ Արախամիան՝ ռազմական դրության ժամանակ ընտրությունների մասին օրինագծի մշակմամբ զբաղվող աշխատանքային խմբի նիստում, հաղորդում է ՌԲԿ-Ուկրաինան։
Արախամիան նշել է, որ ընտրությունների հարցով աշխատանքային խումբը պետք է ուսումնասիրի ավանդական և էլեկտրոնային քվեարկության համակցման հնարավորությունը։
Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ առայժմ վերջնական որոշում չկա։
«Մենք պետք է լուծենք հարցը՝ կա՛մ դա անել մի քանի օրվա ընթացքում, կա՛մ վերադառնալ առցանց մեխանիզմների կիրառմամբ հիբրիդային քվեարկության հարցին: Ես, ընդհանուր առմամբ, որպես նախկին ՏՏ մասնագետ, մինչ օրս չեմ հասկացել՝ հնարավո՞ր է առցանց քվեարկություն անցկացնել, թե՞ ոչ», - նշել է խորհրդարանական խմբակցության ղեկավարը:
Արախամիան հայտնել է, որ հանձնաժողովների նիստերի և քվեարկությունների համար արդեն իսկ կիրառվում են առցանց գործիքներ, ինչը կարող է հիմք դառնալ թվային ձևաչափը ընտրությունների վրա տարածելու համար: Նա հույս է հայտնել, որ աշխատանքային խումբն այս հարցի շուրջ լուրջ աշխատանք կիրականացնի:
Առանձնակի մարտահրավեր են մնում ներքին տեղահանված անձանց համար նախատեսված ընտրությունները: Պատգամավորը հայտնել է, որ շատ տեղահանվածներ չեն գրանցվում՝ ռազմական մարմինների ուշադրությունից խուսափելու համար, ինչը բարդացնում է նրանց մասնակցության կազմակերպումը:
«Եթե մասնակցությունը ցածր լինի, ապա դա փաստարկ կդառնա թշնամու համար, թե այդ ընտրությունները կարող են ոչ լեգիտիմ լինել», – զգուշացրել է նա:
Արախամիան ընդգծել է, որ հիմնական խնդիրը մասնակցության առավելագույն ապահովումն ու ընտրությունների լեգիտիմության երաշխավորումն է, ինչը ուշադիր մոտեցում է պահանջում քվեարկության կազմակերպմանը՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ընտրությունները ներառված են խաղաղության ծրագրում և պետք է տեղի ունենան համաձայնագրի ստորագրումից հետո «հնարավորինս շուտ» ժամկետներում՝ նշելով, որ նման պահանջը ներկայացվել է միջազգային գործընկերների կողմից։




























