Թաիլանդը և Կամբոջան դեկտեմբերի 27-ին պայմանավորվել են դադարեցնել մի քանի շաբաթ տևած սահմանային կատաղի բախումները։ Դրանք Հարավարևելյան Ասիայի երկրների միջև վերջին տարիների ամենաթեժ մարտական գործողություններն են եղել, որոնք ներառում են նաև կործանիչների թռիչքներ, հրթիռային հարվածների փոխանակում և հրետանային գնդակոծություններ, հայտնում է AFP-ն:

«Երկու կողմերը համաձայն են պահպանել զորքերի ներկայիս տեղակայումը՝ առանց հետագա տեղաշարժերի», - ասվում է կրակի դադարեցման մասին երկու երկրների պաշտպանության նախարարների համատեղ հայտարարության մեջ, որն ուժի մեջ կմտնի տեղական ժամանակով կեսօրին՝ ժամը 12:00-ին (Սինգապուրի ժամանակով՝ 13:00-ին):

«Ցանկացած սրացում կմեծացնի լարվածությունը և բացասաբար կանդրադառնա իրավիճակի կարգավորմանն ուղղված երկարաժամկետ ջանքերի վրա», - նշվում է Կամբոջայի պաշտպանության նախարարության սոցիալական ցանցում տեղադրված հայտարարության մեջ։

Թաիլանդի պաշտպանության նախարար Նատտաֆոն Նակրաֆանիտի և նրա կամբոջացի գործընկեր Թեա Սեյխեի կողմից ստորագրված համաձայնագիրը վերջ է դրել 20-օրյա մարտական ​​գործողություններին, որոնց հետևանքով երկու կողմերից էլ զոհվել էր առնվազն 101 մարդ, իսկ կես միլիոնից ավելի մարդիկ տեղահանվել էին։ Բախումները վերսկսվել են դեկտեմբերի սկզբին, այն բանից հետո, երբ ձախովել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմի միջնորդությամբ կնքված հրադադարը, որը նպաստել էր մարտերի նախորդ փուլի դադարեցմանը։

Մեկ դարից ավելի Թաիլանդը և Կամբոջան վիճարկել են իրենց 817 կիլոմետրանոց ցամաքային սահմանի տարբեր չնշագրված կետերի նկատմամբ ինքնիշխանությունը, որը ժամանակ առ ժամանակ վերածվել է բախումների և մարտերի։

Թաիլանդի պաշտպանության նախարարի խոսքով՝ վերջին հրադադարին կհետևի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) տարածաշրջանային դաշինքի դիտորդական խումբը և երկու երկրների միջև անմիջական համակարգում կլինի։