ԱՄՆ Ֆլորիդայի նահանգում տղամարդը կրակել եւ սպանել է կնոջը, ծանր վիրավորել խորթ դստերը, ապա ինքնասպան է եղել՝ հեռուստացույցով «Monday Night Football» կամ այլ բան դիտելու շուրջ վեճից հետո, հաղորդել է NBC News-ը։
47-ամյա Ջեյսոն Քենին դիտում էր իր սիրելի թիմի՝ «Սան Ֆրանցիսկո 49ers»-ի եւ «Ինդիանապոլիս Քոլթս»-ի խաղը, երբ նրա 38-ամյա կինը՝ Քրիստալ Քենին, ասել է, որ այլեւս չի ցանկանում ֆուտբոլ դիտել, նշվել է Փոլկ օկրուգի շերիֆի գրասենյակի հայտարարությունում։ Ջեյսոնը ամբողջ երեկո ալկոհոլ էր օգտագործել, եւ ժամը 23:00-ի սահմաններում, երբ «Սան Ֆրանցիսկո 49ers»-ը գրեթե հաղթանակ էր տարել, զույգի միջեւ բուռն վեճ է բռնկվել։
Քրիստալն իրենց 12-ամյա որդուն ասել է, որ գնա հարեւանի տուն եւ զանգահարի ոստիկանություն։ Ճանապարհին նա կրակոցի ձայն է լսել, հայտնել են իշխանությունները։
Հասնելով դեպքի վայր՝ ոստիկանները գտել են Քրիստալի մարմինը եւ 13-ամյա ծանր վիրավոր դստերը։ Զույգի կրտսեր դուստրը քնած էր մահճակալում եւ անվնաս էր մնացել։ Շերիֆը դա անվանել է «Սուրբծննդյան հրաշք»։ Աղջիկը երկու կրակոց էր ստացել դեմքին, բայց, ինչպես սպասվում է, նա կփրկվի, եւ ցուցմունք է տվել քննիչներին։
Ավելի ուշ Ջեյսոնը զանգահարել է քրոջը Նյու Յորք եւ ասել. «Ես շատ, շատ վատ բան եմ արել։ Դու այլեւս երբեք չես խոսի ինձ հետ» եւ «Դու ինձ կտեսնես հեռուստացույցով, բայց ես բանտ չեմ գնա»։ Ավելի ուշ նրան գտել են իր հանգուցյալ հոր տանը, որտեղ նա կրակել էր ինքն իրեն։
Դեպքի վայրում հայտնաբերվել է նաեւ Քրիստալի գրությունը, որում, ըստ շերիֆի, նա զգուշացրել է ամուսնուն ալկոհոլի եւ թմրանյութերի չարաշահման մասին եւ գրել. «Սա այն ուղին չէ ընտանիքի համար։ Դու Աստծո կարիքն ունես»։
Կնոջ ընտանիքը հայտնել է, որ նա պարբերաբար ենթարկվել է ընտանեկան բռնության, չնայած որեւէ պաշտոնական հայտարարություն երբեք չի ներկայացվել։
Զոհվածի քույրը խոստացել է պահպանել Քրիստալի հիշատակը եւ հոգ տանել նրա երեխաների մասին. «Աշխարհը պետք է իմանա քո պատմությունը եւ այն, թե ինչ մարդ էիր դու։ Քո երեխաները միշտ կիմանան, թե որքան ուժեղ եւ սիրող մայր ես եղել դու»։





























