Պետական պահպանության վարչության (ՊՊՎ)  աշխատակիցները խանգարում են Ուկրաինայի Հակակոռուպցիոն ազգային բյուրոյի դետեկտիվներին քննչական գործողություններ իականացնել Գերագույն ռադայի կոմիտեներում, տեղեկացրել է «РБК-Украина»-ն՝ հղում կատարելով ազգային հակակոռուպցիոն բյուրոյի մամուլի ծառայությանը։

Ըստ առկա տեղեկության՝ բյուրոյի աշխատակիցների մուտքը սահմանափակել են Կիեւի Եվրոպական հրապարակի կողմից։ Դետեկտիվներին թույլ չեն տվել մտնել շենք, որտեղ նրանք պետք է իրականացնեին ընթացակարգային գործողություններ քրեական վարույթի շրջանակում։

Տեղեկացվել է, որ հատուկ գործողության ընթացքում հակակոռուպցիոն գերատեսչությունները բացահայտել են կազմակերպված հանցավոր խումբ, որի կազմում եղել են գործող ժողովրդական պատգամավորներ։

Հակակոռուպցիոն ազգային բյուրոն եւ ՀՀԴ (Հատուկ հակակոռուպցիոն դատախազություն- խմբ․) գործողության արդյունքներով բացահայտել են կազմակերպված հանցավոր խումբ, որի կազմի մեջ մտել են գործող ժողովրդական պատգամավորներ»,- տեղեկացրել են ՀՀԴ մամուլի ծառայությունում։

Քննության տվյալներով՝  խմբի մասնակիցները պարբերաբար անիրավաչափ շահ են ստացել Գերագույն ռադայում քվեարկելու համար։

2025թ․ նոյեմբերին Հակակոռուպցիոն ազգային բյուրոն եւ ՀՀԴ-ն հայտնել են մասշտաբային կոռուպցիոն սխեմայի բացահայտման մասին էներգետիկ ճյուղում։ Քննության վարկածով՝ գործարքի կազմակերպիչը գործարար Թիմուր Մինդիչն էր՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու նախկին գործընկերը։

Գործով անցնող մեկ այլ կարեւոր դեմք է 61-ամյա գործարար Ալեքսանդր Ցուկերմանը, որը հասցրել է հեռանալ Ուկրաինայից։ Նրան համարում են սխեմաների համակազմակերպիչ Մինդիչի հետ միասին, ինչպես նաեւ հանցակից միջոցների լեգալացման «բեք-օֆիսում»։