Լեհաստանի Էլբլոնգ քաղաքի քաղաքապետ Միխալ Միսանը հակավթարային պատրաստականության ռեժիմ է հայտարարել՝ կապված հնարավոր ջրհեղեղի սպառնալիքի հետ, հայտնում է RMF 24-ը։

Որոշումը կայացվել է դեկտեմբերի լույս 28-ի գիշերը՝ Էլբլոնգ գետի ջրի մակարդակի կտրուկ բարձրացումից հետո, որը գերազանցել է նախազգուշական սահմանաչափը և հասել ավելի քան հինգ հարյուր իննսուն սանտիմետրի։ Սա նշանակում է, որ իրավիճակը կարող է արագ վերահսկելիից դառն ալվտանգավոր՝ քաղաքային ենթակառուցվածքների և առափնյա տարածքների բնակիչների համար։

Քաղաքային իշխանությունների տեղեկացմամբ, ջրի մակարդակի բարձրացման պատճառը դարձել է, այսպես կոչված, հակադարձ ալիքը։ Հզոր հյուսիս-արևմտյան քամին Վիսլինսկի ծոցից ջուրը հետ է մղում գետի հուն, ինչի հետևանքով ջուրը բարձրանում է նույնիսկ առանց ուժեղ տեղումների։

Նման երևույթները Էլբլոնգում հայտնի են և նախկինում արդեն հանգեցրել են տեղային ջրհեղեղների։

Ընդունված ռեժիմի շրջանակում բոլոր քաղաքային ծառայություններն անցել են բարձր պատրաստականության վիճակի։ Կատարվում է հիդրոլոգիական իրավիճակի մշտադիտարկում, ստուգվում է պաշտպանական կառույցների և նավահանգիստների վիճակը, ինչպես նաև ամենախոցելի վայրերում պատրաստվել են հակաջրհեղեղային պատնեշներ։

Իշխանությունները շեշտում են, որ այս պահին իրավիճակը վերահսկվում է, սակայն հետագա զարգացումները կախված կլինեն քամու ուժից և ծոցից եկող ջրի հոսքից։

Քաղաքի բնակիչներին խորհուրդ է տրվում զգուշություն ցուցաբերել, խուսափել գետափին գտնվելուց և հետևել քաղաքային ծառայությունների պաշտոնական հաղորդագրություններին։ Վատթարացման դեպքում հնարավոր են լրացուցիչ միջոցառումներ, ներառյալ ափամերձ գոտիների մուտքի սահմանափակումներ և բնակչության օպերատիվ իրազեկում։

Քաղաքային վարչակազմը ընդգծում է, որ արտակարգ պատրաստականության ռեժիմի հայտարարումը կանխարգելիչ բնույթ ունի՝ նպատակ ունենալով նախապես պատրաստվել իրավիճակի հնարավոր վատթարացմանը և նվազեցնել ջրհեղեղի հետևանքները։