Ինչպիսի՞ն են  Ֆրանսիայի հայ համայնքի շրջանում տրամադրություններն ու ակնկալիքները ֆրանսիացի պատգամավորների կողմից ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը Սահմանադրական խորհրդում վիճարկելու դիմումի վերաբերյալ:

Եթե նախկինում հայերի մոտ որոշ մտահոգություններ կային, ապա Մարսելի քաղաքապետ Ժան Կլոդ Գոդենի` Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) տարեկան ընդունելության ժամանակ արված  խիստ պարզ հայտարարությունից հետո լավատեսության քիչ հիմք է մնացել:

Ինչպես հաղորդում է  ««La Provence»-ը,  քաղաքապետը, ով նաեւ Սենատում կառավորող «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության խմբակացության ղեկավարն է, անդրադառնալով հարցին, ասել էր. «Կան բոլոր հիմքերը, որ Սահմանադրական խորհուրդը չեղյալ կհամարի տեքստը: Ես գրեթե համոզված եմ դրանում: Ես հոռետեսորեն եմ տրամադրված:

Ամենավատն այն է, որ Սահմանադրական խորհրդի իմաստունները կարող են գնալ նրան, որ ռիկոշետով  չեղյալ համարեն նաեւ 2001թ. ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքը, ինչպես նաեւ Գեյսոյի օրենքը»,-ասել է նա` ավելացնելով, որ չի հավատում նախագահ Սարկոզիի կողմից խոստացված նոր օրենքին: «Դա հնարավոր չէ, խորհրդարանն այլեւս ժամանակ չունի»:

«Տպավորություն է, թե մեզ փորձում են  հիմարի տեղ դնել»,-ասել է  «CCAF Provence»-ի նախագահ Ժյուլիեն Արունյանը: «Միություն հանուն ժողովրդական շարժման» շարքերում ամենամեծ տարաձայնություններն էին: Նախագահին չհաջողվեց պահպանել իր համախոհների բանակը: Ընտրություններից մի քանի ամիս առաջ դա պարադոքսային է»,-ավելացրել է Արունյանը:

«Ավելին, օրենքի հրապարակումը ձգձգվեց, ինչն էլ հանգեցրեց սահմանադրականության վիճարկմանը... Մենք տարկուսած ենք»,-ասել է CCAF-ի ազգային քարտուղար Պասկալ Շամասյանը: «Նրանք գողացան մեր հաղթանակը: Դա իրավական հարց չէ, դա քաղաքական խնդիր է»,-ավելացրել է նա:

Թեեւ այս ամենին` հայ համայնքը «վճռական է մոբիլիզացնել ուժերը»: «Մենք սահմանադրագետների կողմից գրված  հակափաստարակներ կներկայացնենք: Մենք կիմանանք` խաբե՞լ են մեզ,  եւ  ձեռքներս ծալած չենք նստի»,-նշում է  CCAF-ը: