Այն գաղափարը, որ հրաբխի ժայթքումը կարող է մոլորակը ընկղմել տևական ձմռան մեջ, կարող է թվալ հեռավոր անցյալից մի բան, բայց դա ամենևին այդպես չէ։ Իրականում հենց դա էլ տեղի է ունեցել 19-րդ դարի սկզբին, երբ ժայթքել է Տամբորա հրաբուխը. սա պատմության մեջ հայտնի ամենամեծ հրաբխային ժայթքումն է, գրում է IFLScience-ը։
Տամբորան ստրատոհրաբուխ է, որը զբաղեցնում է ինդոնեզական Սումբավա կղզու 60 կիլոմետրանոց հատվածը՝ դուրս գալով Սանգար թերակղզու վրա, հայտնում է Focus-ը։ Ըստ գիտնականների՝ այստեղ ժայթքումները հազվադեպ չեն, քանի որ Տամբորան գտնվում է Զոնդյան աղեղի սահմաններում։ Այն գործող հրաբխային կղզիների մեծ շղթա է, որն առաջացել է հնդկաավստրալիական սալի՝ եվրասիական սալի տակ սահելու հետևանքով։
Տվյալները վկայում են, որ Տամբորան ժայթքել է իր պատմական ժայթքումից դեռ մի քանի տարի առաջ։ Սակայն 1815 թվականի ապրիլին ժայթքման ուժգնությունը հասել է իր գագաթնակետին։
Ըստ գիտնականների հաշվարկների՝ ապրիլի 10-ի և 11-ին՝ ժայթքման գագաթնակետին, հրաբուխը հզոր պայթյունների շարքով արտանետել է ավելի քան 150 խորանարդ կիլոմետր նյութ։ Արդյունքում ժայթքումն ստացել է 7 միավոր՝ հրաբխային պայթյունավտանգության սանդղակով։ Սա սանդղակի երկրորդ ամենաբարձր ցուցանիշն է, որից բարձր միայն սուպերհրաբխային ժայթքումներն են։
Աղետալի իրադարձության ժամանակ մոխրի հսկայական ամպերը նստել են շրջակա դաշտերի վրա, իսկ պիրոկլաստիկ հոսքերը թափվել են ծովը՝ ոչնչացնելով ամբողջական գյուղեր։ Ժայթքումը նաև ցունամի է առաջացրել, երբ հասել է ջրին։ Ընդհանուր առմամբ, ըստ գիտնականների, ժայթքման հետևանքով զոհվել է 60-70 հազար մարդ։
Սակայն լայնամասշտաբ ժայթքման հետևանքները զգացվել են ոչ միայն բուն իրադարձության ժամանակ։ Բանն այն է, որ ժայթքման ընթացքում մթնոլորտ է արտանետվում ծծմբի երկօքսիդ, որտեղ այն կարող է մնալ ամիսներ շարունակ՝ խառնվելով ջրին և առաջացնելով աերոզոլային ծծմբական թթու։ Այս մանր աերոզոլային կաթիլները արևի լույսը հետ են անդրադարձնում դեպի տիեզերք, ինչը հանգեցնում է Երկրի մթնոլորտի ստորին շերտերի սառեցմանը։
Տվյալները նաև ցույց են տալիս, որ 1815 թվականի ժայթքումն արտանետել է 60 մեգատոննա ծծումբ, ինչի հետևանքով գլոբալ միջին ջերմաստիճանը նվազել է մոտ 3°C-ով։ Սակայն ժայթքման ամենածայրահեղ հետևանքները դիտվել են Հյուսիսային կիսագնդում. 1816 թվականին այստեղ գրանցվել է «տարի՝ առանց ամռան»։