Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սոցցանցերում տեղեկացրել է, որ կառավարությանն առաջարկել է Դենիս Շմիգալին նշանակել առաջին փոխվարչապետ եւ էներգետիկայի նախարար, հայտնել է «РБК-Украина»-ն։

«Հանդիպեցինք Դենիս Շմիգալի հետ։ Շնորհակալություն համակարգված աշխատանքի համար պաշտպանության նախարարությունում եւ այն գործընթացների համար, որոնք ակտիվացել են՝ մեր պետության պաշտպանությունն ապահովելու համար։ Հենց այդ համակարգվածությունն է այժմ անհրաժեշտ ուկրաինական էներգետիկային»,- նշել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ կարեւոր է, որպեսզի ռուսական յուրաքանչյուր հարվածից հետո Ուկրաինան կարողանա օպերատիվորեն վերականգնել ավերվածը եւ որպեսզի ուկրաինական էներգետիկայի զարգացումը լինի կայուն եւ բավարար ուկրաինական պահանջմունքների համար։

«Խորհրդակցություններ ենք անցկացրել վարչապետ Յուլյա Սվիրիդենկոյի հետ, եւ ակնկալում եմ այդ մոտեցմանը եւ առաջին փոխվարչապետի եւ էներգետիկայի նախարարի  դիրքին խորհրդարանականների աջակցությունը Դենիս Շմիգալի համար»,- տեղեկացրել է Ուկրաինայի նախագահը։

Երեկ՝ հունվարի 2-ին, նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիրիլ Բուդանովին նշանակել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի փոխարեն, իսկ Օլեգ Իվաշչենկոն դարձել է Հետախուզության գլխավոր վարչության նոր ղեկավարը։

Զելենսկու խոսքով՝ առաջին փոխվարչապետ, թվային տրանսֆորմացիայի նախարար Միխայիլ Ֆյոդորովը կգլխավորի պաշտպանության նախարարությունը։

«РБК-Украина»-ի տեղեկացմամբ՝ Զելենսկին նաեւ դիտարկում է պաշտոնից Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկին հանելու եւ նրան մեկ այլ պաշտոնում նշանակելու հնարավորությունը։