ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքի եթերում ունեցած ելույթի ժամանակ մանրամասներ է պատմել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին եւ նրա կնոջը բռնելու մասին։

Նրա խոսքով՝ Վենեսուելային հասցվող հարվածների ժամանակ ամերիկյան կողմը «մի քանի վիրավորներ է ունեցել, բայց ոչ ոք չի զոհվել»։

«Մենք պատրաստվում էինք դա անել չորս օր առաջ, բայց եղանակը կատարյալ չէր։ Եղանակը հենց պետք է կատարյալ լինի․․․ հանկարծ ամեն ինչ բացվեց, եւ մենք ասացինք․ «Առաջ»,- ասել է Թրամփը։

Նա ավելացրել է, որ երբ իրենք բռնել են Մադուրոյին, նա գտնվել է «մի տանը, որն ավելի շատ նման էր ամրոցի, քան բնակելի տան»՝ շրջապատված «ամուր պողպատով»։ Կրկնելով, որ ինքը չի մտածում, որ ամերիկացի զինվորներից որեւէ մեկը սպանվել է, ԱՄՆ նախագահն ավելացրել է․ «Մեկ-երկու զինվոր վիրավորվել է, բայց նրանք վերադարձել են եւ, ինչպես ենթադրվում է, բավական լավ վիճակում են»։

Թրամփը նաեւ տեղեկացրել է, որ ԱՄՆ-ը «ակտիվորեն կմասնակցի» Վենեսուելայի նավթային արդյունաբերության զարգացմանը։

Նա նշել է, որ խոսել է Մադուրոյի հետ «մեկ շաբաթ առաջ» եւ նրան ասել է․ «Դուք պետք է հանձնվեք, դուք պետք է անձնատուր լինեք»։

«Մենք պետք է մի ինչ-որ շատ ավելի վիրաբուժական բան անեինք, մի ինչ-որ ավելի հզոր բան»,- ասել է Թրամփը։