Եվրահանձնաժողովը սպասում է Եվրամիությունից արտաքսումների թվի զգալի աճի 2025թ. համար, տեղեկացրել է ԵՄ միգրացիայի հանձնակատար Մագնուս Բրուները Welt am Sonntag թերթի հարցազրույցում։
«Արտաքսումների մակարդակն ավելացել է 2023թ. 19 տոկոսից մինչեւ 27 տոկոսի 2025թ. առաջին երեք եռամսյակների համար։ Դա նշանակում է, որ մենք սպասում ենք 2019-ից արտաքսումների ամենաբարձր մակարդակի հասնելուն 2025թ.»,- ասել է Բրուները՝ ընդգծելով, որ «դա բավարար չէ»։
Եվրահանձնակատարը նշել է, որ ԵՄ 27 անդամ պետությունները կարող են կիրառել այդ ընթացակարգը «էլ ավելի արդյունավետ» 2025թ. սկզբին Եվրահանձնաժողովի օրենսդրական առաջարկների իրականացումից հետո։ Եվրոպական խորհրդարանը եւ ԵՄ երկրները վերջերս համաձայնեցրել են միջոցները, որոնք ներառում են փախստականների համար կենտրոնների ստեղծումը այսպես կոչված անվտանգ երրորդ երկրներում։
Անլեգալ միգրացիան էլ ավելի նվազեցնելու համար եվրահանձնակատարը անցյալ տարի ներկայացրել է արտաքսումների թիվը մեծացնելու եւ նոր «Եվրոպական ընդհանուր վերադարձի համակարգ» ստեղծելու ծրագրեր, հաղորդել է Welt am Sonntag-ը։
Ծրագրի համաձայն՝ համագործակցությունից հրաժարվող միգրանտների համար նպաստները զգալիորեն կնվազեն։ Եթե իշխանությունները համարեն, որ մերժված ապաստան հայցողը հավանական է, որ փախչի, նրանք կարող են կալանավորվել մինչեւ 24 ամիս՝ արտաքսումից առաջ։ Քրեական հանցագործությունների համար դատապարտված միգրանտները կարող են անորոշ ժամանակով կալանավորվել՝ արտաքսվելուց առաջ։
Բացի այդ, ԵՄ անդամ պետությունները շուտով կսկսեն փոխադարձաբար ճանաչել արտաքսման որոշումները, ինչը նշանակում է, որ մերժված ապաստան հայցողները այլեւս չեն կարողանա խուսափել արտաքսումից՝ մեկնելով ԵՄ մեկ այլ անդամ պետություն։
Առաջին անգամ ԵՄ-ը նաեւ հաստատել է ծագման անվտանգ երկրների ընդհանուր ցանկը։ Դա պետք է արագացնի մարդկանց արտաքսումը Եգիպտոս, Մարոկկո, Թունիս, Հնդկաստան, Կոսովո, Բանգլադեշ եւ Կոլումբիա։ Այս երկրներից ապաստան հայցողների համար նախատեսվում են արագացված ընթացակարգեր, այդ թվում՝ սահմաններին կամ տարանցիկ գոտիներում։ ԵՄ-ին անդամակցելու թեկնածուները նույնպես ընդհանուր առմամբ համարվում են անվտանգ երկրներ, եթե նրանք ներգրավված չեն պատերազմներում կամ չունեն մարդու իրավունքների լուրջ խախտումներ։




























