Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը CBS News-ին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես է ԱՄՆ-ն կառավարելու Վենեսուելան, ինչի մասին նախկինում հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Ըստ Հեգսեթի, դա նշանակում է, որ պայմանները թելադրելու է Վաշինգտոնը։
«Դա նշանակում է, որ մենք ենք սահմանում պայմանները։ Նախագահ Թրամփն է սահմանում պայմանները։ Եվ, վերջին հաշվով, նա ինքը կորոշի, թե որոնք կլինեն դրա տարբերակները։ Սակայն դա նշանակում է, որ թմրանյութերի հոսքը կդադարի, դա նշանակում է, որ մեզանից խլված նավթը, ի վերջո, կվերադարձվի, և հանցագործները չեն ուղարկվի Միացյալ Նահանգներ»,- ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարը։
Հեգսեթը Թրամփի վարչակազմի այն բարձրաստիճան պաշտոնյաների թվում էր, որոնք համակարգում էին Վենեսուելայում ԱՄՆ գիշերային ռազմական գործողությունը, որը հանգեցրեց երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալմանը։ Նա դա անվանել է «բոլոր ժամանակների ամենանուրբ, ամենաբարդ և ամենահաջողված համատեղ հատուկ գործողությունը»։
Լրագրողը հարցրել է՝ արդյոք վարչակազմը ձգտելու է Կոնգրեսի հավանությանը Վենեսուելայում իրավիճակը կայունացնելու համար լիամասշտաբ միջամտություն իրականացնելու նպատակով։ Հեգսեթը նշել է, որ Մադուրոյի ձերբակալումը իրավապահ մարմինների միջոցառում էր, և ասել է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն «հստակ հասկացրել է, որ այդ մասին չպետք է նախապես տեղեկացնել Կոնգրեսին»։ Սակայն նա հավելել է, որ եթե միջամտությունը շարունակվի, «իհարկե, մենք կշարունակենք ներգրավել Կոնգրեսը»։
Առանց մանրամասնելու Վենեսուելայում Թրամփի վարչակազմի հետագա քայլերը՝ Հեգսեթն ընդգծել է Ամերիկայի շահագրգռվածությունը վենեսուելական նավթի, Արևմտյան կիսագնդի անվտանգության և թմրանյութերի ապօրինի շրջանառության դադարեցման հարցում։
«Այն, ինչ Վենեսուելան արեց ամերիկյան նավթային շահերի և նավթային ընկերությունների դեմ, լավ հասկանալի է, և դա երբեք չպետք է տեղի ունենար. նախագահ Թրամփը պատրաստ է վերադարձնել դա»,- ասել է Հեգսեթը։ Պատասխանելով նախորդ ամիս Թրամփի կողմից սահմանված Վենեսուելայից նավթի մատակարարումների շրջափակման մասին հարցին՝ Հեգսեթն ասել է, որ նավթը չի մտնում երկիր և դուրս չի գալիս այնտեղից, իսկ ամերիկյան զինվորականները նախկինի պես պատրաստության վիճակում են Կարիբյան ավազանում։
«Թրամփն այսօր այդ մասին հստակ ասել է ամբիոնից։ Մենք պատրաստվում ենք այնտեղ ներգրավել ամերիկյան ընկերություններին։ Մենք պատրաստվում ենք այնտեղ ներդրումներ ներգրավել։ Այդ նավթաբազաներն աշխատում են իրենց հզորության 20%-ով։ Դա շուտով կփոխվի»,- ասել է Պենտագոնի ղեկավարը։
Վերջին հաշվով, ըստ Հեգսեթի, թե՛ ամերիկացիները, թե՛ վենեսուելացիները կարող են օգուտ քաղել ԱՄՆ միջամտությունից։
«Այն, ինչ տեղի կունենա հետո, կախված կլինի վենեսուելացիներից, սակայն, ի վերջո, Ամերիկան կշահի անվտանգության տեսանկյունից, և մենք հավատում ենք, որ բարգավաճման դեպքում վենեսուելացի ժողովուրդը կկարողանա հասնել նույնին»,- ասել է նա։