Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Ազգային անվտանգության խորհրդի այսօրվա նիստում քննարկվել է երեք թեմա, որոնց վերաբերյալ հանգել են որոշակի եզրակացությունների, հայտնում է Tanjug-ը։

Նա նշել է, որ աշխարհում իրավիճակը բարդ է, Միավորված ազգերի կազմակերպության կարգը գործում է միայն թղթի վրա, և գերակայում են ուժի ու ուժեղի օրենքները։

Վուչիչը հստակեցրել է, որ նիստում քննարկվել են տարածաշրջանային ռազմաքաղաքական անվտանգության հարցեր, էներգետիկ անվտանգությունը, Սերբիայի անվտանգությունը, ինչպես նաև ԱՄՆ գործողությունները Վենեսուելայի տարածքում։

«Մենք գիտակցում ենք Հարավարևելյան Եվրոպայի տարածաշրջանում մեր երկրի դիրքի բարդությունն ու բազմակողմանիությունը։ Ես միտումնավոր ավելի լայն ձևակերպեցի, այլ ոչ թե միայն Արևմտյան Բալկանները։ Եվ, իհարկե, մեր դիրքի այդ բարդությունն ու բազմակողմանիությունն է՛լ ավելի ակնհայտ են դառնալու՝ հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ հին աշխարհակարգը փլուզվում է, և այլևս ոչ մի կանոն չի գործում»,- նշել է Սերբիայի նախագահը։

Ըստ նրա, այժմ պարզ է, որ միջազգային հանրային իրավունք գոյություն չունի, իսկ Միավորված ազգերի կազմակերպության կարգը միայն թղթի վրա է։ Փոքր երկրները պետք է պայքարեն դրա համար, սակայն պետք է ընդունել և լավ հասկանալ նաև Վենեսուելայի իրադարձություններից հետո, որ միջազգային հանրային կարգն ու Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրություններն ամբողջովին անգործունակ են, նշել է Վուչիչը։

«Աշխարհում տիրում է ուժի կիրառման իրավունքը, ուժեղի իրավունքը. ով ուժեղ է, նա էլ ճնշում է, և սա ժամանակակից քաղաքականության միակ սկզբունքն է, որն այսօր գոյություն ունի աշխարհում։ Այլ սկզբունքներ չկան։ Բավական էր տեսնել, թե ինչպես են եվրոպական կառույցների և երկրների որոշ ներկայացուցիչներ արձագանքում Վենեսուելայի իրադարձություններին։ Այնտեղ նրանք ունեն իրենց մանր շահերը Մադուրոյին տապալելու հարցում, սակայն իրենց թույլ չեն տալիս ամեն ինչ ասել, քանի որ վախենում են, թե ինչ կլինի հետո Գրենլանդիայի կամ մեկ այլ բանի հետ, որտեղ եվրոպական միասնությունը կրկին կձախողվի։ Այդժամ կարող եք տեսնել, որ ոչ մի տեղ սկզբունքներ չկան»,- հայտարարել է Սերբիայի նախագահը։