ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելայում ամերիկյան ռազմական գործողությունը չի ազդի Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հետ իր հարաբերությունների վրա։

Ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարցրել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի գերեվարման հնարավոր բացասական ազդեցության մասին Թրամփի և Սի Ցզինպինի հարաբերությունների վրա։

«Ես այդպես չեմ կարծում. ես լավ հարաբերություններ ունեմ նրա հետ», - ասել է ամերիկացի առաջնորդը։

Հունվարի 3-ին Միացյալ Նահանգները հարված է հասցրել Վենեսուելային. պայթյուններ են տեղի ունեցել մայրաքաղաք Կարակասում և Ֆորտ Տիունա ռազմական բազայում։ Այլ թիրախների թվում էին Լա Կարլոտա ավիաբազան, Էլ Վուլկան ազդանշանային անտենան, Լա Գուայրա նավահանգիստը և այլ օբյեկտներ։

Հարձակումներից հետո Թրամփը գործողությունը հաջողված է անվանել և հայտարարել, որ ԱՄՆ ուժերը գերեվարել են Մադուրոյին և նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին։

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի դեմ ուժի կիրառումը։ Պեկինը նաև պահանջել է, որ Վաշինգտոնը անհապաղ ազատ արձակի Վենեսուելայի նախագահին և նրա կնոջը։