ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի սատարել Վենեսուելայի ընդդիմադիր գործիչ Մարիա Կորինա Մաչադոյի թեկնածությունը Վենեսուելայի նոր նախագահի պաշտոնում, քանի որ նա իրեն չի զիջել Խաղաղության նոբելյան մրցանակը, գրում է The Washington Post-ը:

«Մաչադոյի դիրքերն ուժեղացնելու հարցում նախագահի հետաքրքրության բացակայությունը, չնայած Թրամփին շողոքորթելու նրա վերջին փորձերին, կապված էր Խաղաղության նոբելյան մրցանակն ընդունելու նրա որոշման հետ. մի պարգև, որը նախագահը, առանց թաքցնելու, ինքն էր տենչում ստանալ»,— հայտնում է թերթը՝ հղում անելով Սպիտակ տանը մոտ կանգնած երկու աղբյուրների:

Պարբերականի զրուցակցի խոսքով՝ «թեև ի վերջո Մաչադոն հայտարարել էր, թե մրցանակը նվիրում է Թրամփին, հենց միայն մրցանակն ընդունելու նրա համաձայնությունը դարձել է «մահացու մեղք»»։

«Եթե նա հրաժարվեր և ասեր՝ «ես չեմ կարող ընդունել այն, քանի որ այն պատկանում է Դոնալդ Թրամփին», նա այսօր կլիներ Վենեսուելայի նախագահը»,- հավելել է աղբյուրը։

Ավելի վաղ Թրամփը կարծիք էր հայտնել, որ Մաչադոն չի կարողանա գլխավորել երկիրը, քանի որ քաղաքացիները նրան չեն սատարում։

«Նրա համար դժվար կլինի առաջնորդ դառնալ, որովհետև նա երկրի ներսում չունի աջակցություն և հարգանք։ Նա շատ հաճելի կին է, բայց նրան չեն հարգում»,- հայտարարել էր Թրամփը։

2025 թվականին Մաչադոն Խաղաղության նոբելյան մրցանակ էր ստացել «վենեսուելացի ժողովրդի համար ժողովրդավարական արժեքների խթանմանն ուղղված անդուլ աշխատանքի և բռնապետությունից դեպի ժողովրդավարություն արդար ու խաղաղ անցման համար մղվող պայքարի համար»։

Հունվարի 3-ին ամերիկյան զինվորականները հարձակում են իրականացրել Վենեսուելայի դեմ, ձերբակալել և երկրից դուրս են բերել նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը։