Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայությունը (BND) տարիներ շարունակ գաղտնալսել է Բարաք Օբամայի հեռախոսազրույցները՝ նրա նախագահության շրջանում։ Ինչպես կիրակի՝ հունվարի 4-ին, հայտնել է Die Zeit թերթը, հսկողության տակ են եղել Օբամայի այն խոսակցությունները, որոնք նա վարել է Air Force One նախագահական ինքնաթիռի բորտից։
Թերթի զրուցակիցների տվյալներով՝ BND-ն հասանելիություն է ստացել բանակցություններին, քանի որ Օբամայի ինքնաթիռի կապի վերծանումը բավարար չափով պաշտպանված չի եղել։ Քաղաքական գործչի հեռախոսազրույցների համար, ի թիվս այլոց, օգտագործվել է շուրջ տասը հաճախականություն, որոնք հայտնի են եղել գերմանական հետախուզությանը. հենց դա էլ թույլ է տվել BND-ին պարբերաբար հետևել բանակցություններին։ Մեծ մասամբ դրանք եղել են ԱՄՆ նախագահի զրույցները այլ երկրների առաջնորդների և իր վարչակազմի անդամների հետ։
Լրատվամիջոցին հայտնի չէ, թե որ պահից են «թիվ մեկ բորտի» կապի ուղիները վտանգվել։ Die Zeit-ը նշում է, որ դա կարող էր տեղի ունեցած լինել դեռևս Օբամայի նախորդի՝ Ջորջ Բուշ կրտսերի օրոք։ Իսկ գաղտնալսումը դադարեցվել է 2014 թվականին. այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ գերմանական հետախուզությունը կարող էր գաղտնալսած լինել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հեռախոսազրույցները։ Գերմանիայի կանցլերի գրասենյակը հանձնարարել է դադարեցնել նմանատիպ գործողությունները։
Օբամայի նախագահության օրոք ԱՄՆ-ը չէր մտնում այն երկրների ցանկի մեջ, որոնց նկատմամբ հսկողությունը սանկցավորված էր Բեռլինի կողմից, գրում է Die Zeit-ը։ Այլ կերպ ասած՝ Գերմանիայի այն ժամանակվա կանցլեր Անգելա Մերկելը, հավանաբար, տեղյակ չի եղել հետախուզական գերատեսչության գործողություններից։ Այդ պատճառով, թերթի տվյալներով, Օբամայի զրույցների սղագրությունները տպագրվել են եզակի օրինակներով, դրանց հասանելիություն են ունեցել միայն հետախուզական ծառայության ընտրյալ ղեկավարները, իսկ ընթերցելուց հետո նման փաստաթղթերը ոչնչացվել են։ Այնուամենայնիվ, գաղտնալսման արդյունքում ստացված տվյալները BND-ն ներառել է ԱՄՆ դիրքորոշման վերաբերյալ իր վերլուծական նյութերում, որոնք գերատեսչությունն ուղարկել է կանցլերի գրասենյակ։
Կատարվածին առանձնակի նրբություն է հաղորդում այն փաստը, որ հենց նույն ժամանակահատվածում Մերկելը քննադատում էր ԱՄՆ հետախուզությանը՝ իր բջջային հեռախոսի գաղտնալսման հետ կապված սկանդալի պատճառով։ Լրատվամիջոցները գրում էին, որ առնվազն 2012-ից 2014 թվականներին Ազգային անվտանգության գործակալությունը (ԱԱԳ)՝ ԱՄՆ հետախուզական համայնքի կազմում գտնվող Պաշտպանության նախարարության ստորաբաժանումը, լրտեսել է Գերմանիայի, Շվեդիայի, Նորվեգիայի և Ֆրանսիայի առաջատար քաղաքական գործիչներին ու բարձրաստիճան պաշտոնյաներին, այդ թվում՝ Գերմանիայի կանցլերին։ Որոշ տվյալներով՝ ԱԱԳ-ին գաղտնալսման հարցում օգնել են Դանիայի հատուկ ծառայությունները։
Սկանդալի ֆոնին Մերկելն արել էր իր հայտնի հայտարարությունն այն մասին, որ «ընկերների հետևից լրտեսելն անընդունելի է»։ Նա նաև նշել էր, որ պետությունները կարող են «կործանվել լրտեսության մոլուցքի ծանրության տակ» և զուգահեռներ էր անցկացրել կատարվածի և ԳԴՀ-ում (Արևելյան Գերմանիա) գաղտնի ոստիկանության՝ «Շտազիի» գործունեության ժամանակների միջև, հիշեցնում է Die Zeit-ը։





























