Այս շաբաթ օրը, 12 տարի իշխանության գլուխ լինելուց և ԱՄՆ ռազմական գործողություններից հետո, Մադուրոյին ձեռնաշղթաներով տեղափոխել են Նյու Յորք, որտեղ նա կկանգնի դատարանի առաջ՝ թմրամիջոցներին առնչվող ահաբեկչության մեղադրանքով։

Նիկոլաս Մադուրոն ծնվել է 1962 թվականի նոյեմբերի 23-ին Կարակասում։ Նրա կյանքը կտրուկ փոխվեց 1993 թվականի դեկտեմբերին, երբ նա Յարե բանտում հանդիպեց Ուգո Չավեսին։ Կոմանդանտեն բանտարկության մեջ էր Կառլոս Անդրես Պերեսի դեմ հեղաշրջման փորձի համար, և Չավեսի փաստաբանը՝ ապագայում՝ Մադուրոյի կինը՝ Սիլիա Ֆլորեսը, կազմակերպեց հանդիպում, որը պետք է ձևավորեր երիտասարդ արհմիութենականի քաղաքական ճակատագիրը։

Այդ ժամանակ Մադուրոն երեսուն տարեկան էր, աշխատում էր որպես ավտոբուսի վարորդ և առաջին քայլերն էր անում արհմիութենական շարժման մեջ, հաղորդում է Euronews-ը։ Կապը Չավեսի հետ անմիջական էր։ Նա մասնակցեց «V Հանրապետություն» շարժման հիմնադրմանը և դարձավ ընտրարշավի հիմնական դերակատարներից մեկը. ընտրություններ, որոնք հեղափոխական առաջնորդին նստրեցրին նախագահական աթոռին։

Մադուրոյի վերելքն արագ էր, բայց մեթոդական։ Նա Ազգային սահմանադիր ժողովի անդամ էր, որը մշակել էր չավիստական ​​նոր սահմանադրությունը, խորհրդարանի անդամ 2000-2005-ին, մեկ տարի անց՝ ստորին պալատի նախագահ և արտաքին գործերի նախարար, մինչև Չավեսի՝ նրան իր իրավահաջորդ նշանակելը 2012 թվականի դեկտեմբերին։

2013 թվականի մարտին Մադուրոն արցունքն աչքերին հայտարարեց իր քաղաքական հոր մահվան մասին։ Չավեսը մահացավ քաղցկեղից։ 2013 թվականին նա ընտրություններում աննշան տարբերությամբ հաղթեց Էնրիկե Կապրիլեսին։ Մադուրոն վերընտրվեց 2018 թվականին։

Խուան Գուաիդոն 2019 թվականին Միացյալ Նահանգների և Եվրամիության աջակցությամբ իրեն նախագահ հռչակեց, սակայն այդ քայլը չկարողացավ Մադուրոյին հեռացնել իշխանությունից։

2024 թվականի ընտրությունները Մադուրոյի ամենացածր կետն էին։ Նա երբեք չհանձնեց պաշտոնական փաստաթղթերը, որոնք կհաստատեին Էդմունդո Գոնսալես Ուրրուտիայի նկատմամբ իր հաղթանակը։ Միջազգային հանրությունը ընդդիմության թեկնածուին օրինական հաղթող ճանաչեց, իսկ այժմ արդեն Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարիա Կորինա Մաչադոն գլխավորեց դիմադրությունը։

Սպիտակ տուն վերադառնալուց հետո Դոնալդ Թրամփը սրեց լարվածությունը։ Նոյեմբերին նա հայտարարեց, որ Մադուրոյի օրերը «հաշված են»։

32 տարի առաջ Յարե բանտում իր հեղափոխական նվիրվածությունն ամրապնդած ավտոբուսի վարորդ Մադուրոն այժմ Բրուքլինի կալանավայրում սպասում է իր քաղաքական կարիերայի, հավանաբար, վերջին գլխին։