Այս պատմության մեջ գլխավոր փաստն այն է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամերիկյան զինվորականներին տեղակայել է մեկ այլ երկրի առաջնորդին ձերբակալելու, նրա կառավարությունը տապալելու և ամերիկյան շահերը առաջ մղելու համար։ Այդ փաստի նշանակությունը դժվար է գերագնահատել, գրում է Bild-ը։
ԱՄՆ-ն չի հեռանում համաշխարհային քաղաքականությունից
Դոնալդ Թրամփը հստակեցրել է, որ պատրաստ է ռազմական ուժ կիրառել, երբ ԱՄՆ շահերը վտանգված են։ Եվրոպան կարող է ուրախանալ (ինչպես Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելուց հետո) կամ կասկածանքով դիտել (ինչպես Մադուրոյի ձերբակալությունից հետո), բայց Թրամփը նույնիսկ չի խորհրդակցի ԵՄ-ի հետ իր գործողություններից առաջ։
ԱՄՆ-ը Հարավային Ամերիկան իր ազդեցության ոլորտ է հայտարարել
Թրամփի՝ դեկտեմբերին հրապարակված ազգային անվտանգության ռազմավարության մեջ ԱՄՆ-ը նշում է, որ Հարավային Ամերիկայում վերջնական խոսքն ինքն է ասում։ Ոչ թե ռուսները, ոչ էլ չինացիները, և, եթե որևէ մեկը կասկածում է դրանում, նույնիսկ Հարավային Ամերիկայի ժողովուրդը։ Դա պետք է լուրջ ընդունել։ RONZHEIMER փոդքասթում Լոնդոնի Թագավորական քոլեջի անվտանգության փորձագետ Պիտեր Նոյմանը պարզաբանում է ԱՄՆ կառավարության մտածողությունը.
«Կարծում ենք՝ Հյուսիսային, Կենտրոնական և Հարավային Ամերիկան մեր հետնաբակն է։ Որ դա մեր հսկայական տարածաշրջանն է։ Որ դա մեր ազդեցության ոլորտն է, որտեղ մենք ենք որոշում՝ ով և որտեղ է իշխանության գլուխ կանգնում։ Եվ մենք հիմա դա ցույց ենք տալիս Վենեսուելայի օրինակով»։
Եվրոպան ևս պետք է գիտակցի. նույն փաստաթղթում ամերիկացիները հայտարարում են Եվրամիությունում «դիմադրությունը» ուժեղացնելու և նրա քաղաքական լանդշաֆտը փոխելու իրենց ցանկության մասին։ Հաշվի առնելով Վենեսուելայում տեղի ունեցածը, միամտություն կլինի դա սոսկ դատարկ սպառնալիք որակել։
ԱՄՆ-ն ցույց է տալիս աշխարհի թիվ մեկ գերտերությունը մնալու իր ցանկությունը
Վենեսուելայում գործողությունը նվաստացուցիչ է նաև Ռուսաստանի համար և մարտահրավեր Չինաստանի համար։ Մի գիշերվա ընթացքում Թրամփը Վենեսուելայում հասավ այն բանին, ինչը Պուտինը չէր կարողանում հասնել Ուկրաինայում ավելի քան չորս տարի տևած լայնածավալ պատերազմի ընթացքում։ Ավելին, Մադուրոյի ձերբակալությունը տեղի ունեցավ Չինաստանի ներկայացուցիչների հետ նրա հանդիպումից ընդամենը մի քանի ժամ անց։
Սա կարող է միայն սկիզբը լինել
Փորձագետ Պիտեր Նոյմանը մատնանշում է նախագահ Դոնալդ Թրամփի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ սոցիալիստական Կուբայի վերաբերյալ հայտարարությունները. երկուսն էլ հայտարարել են, որ «Կուբան կարող է հաջորդը լինել»։ Ըստ նրանց՝ Կուբայի բռնապետությունը յոթ տասնամյակ շարունակ Միացյալ Նահանգների «աչքի փուշն է եղել»՝ «կոմունիստական կղզային պետություն՝ անմիջապես Ֆլորիդայի առափնյա հատվածում»։
«Ոչ մի ամերիկյան նախագահ չի կարողացել այնտեղ ռեժիմի փոփոխություն իրականացնել։ Եվ ես կարծում եմ, որ Դոնալդ Թրամփը, Վենեսուելայում իր հաջողությունից հետո, մտածում է. «Գուցե ես այն նախագահն եմ, որը վերջ կտա նաև այս կոմունիստական ռեժիմը Կուբայում»,- ասում է Նոյմանը։
Եվրոպան պետք է հարմարվի Թրամփի աշխարհին
Շատ եվրոպացի քաղաքական գործիչներ արձագանքել են Վենեսուելայի վրա ԱՄՆ ռազմական հարվածին՝ հղում անելով միջազգային կարգին և միջազգային իրավունքին։ Դա գուցե ոչ միայն վեհանձն է հնչում, այլև՝ անօգնական։ Մենք ապրում ենք ոչ միայն այնպիսի աշխարհում, որտեղ գերտերությունները ավելի ու ավելի են հետամուտ լինում իրենց շահերի պաշտպանությանը։ Մենք նաև ապրում ենք այնպիսի աշխարհում, որտեղ Եվրոպան այլևս Միացյալ Նահանգների պաշտպանության տակ չէ։ Եթե Եվրոպան չսովորի ինքնուրույն պաշտպանվել և պաշտպանել իր շահերը, այն վտանգում է դառնալ ազդեցության ոլորտ օտարերկրյա տերությունների համար, եզրակացնում է Bild-ը։





























