Վենեսուելայում ԱՄՆ-ի միջամտությունը թուլացնում է ՄԱԿ-ի դերը՝ որպես Երրորդ համաշխարհային պատերազմը կանխելու միակ մեխանիզմ, հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Թյուրկը։

«Սա ռազմական միջամտություն է, որը հանդիսանում է Վենեսուելայի ինքնիշխանության և ՄԱԿ-ի կանոնադրության խախտում, ինչպես նաև վնաս է հասցնում միջազգային անվտանգության ճարտարապետությանը՝ յուրաքանչյուր երկիր դարձնելով պակաս պաշտպանված», - գրել է նա բրիտանական The Guardian թերթի համար հոդվածում: «Այն թուլացնում է միակ մեխանիզմը, որը մենք ունենք երրորդ համաշխարհային պատերազմը կանխելու համար, այն է՝ Միավորված ազգերի կազմակերպությունը»։

Թյուրկը «խորին վրդովմունք» է հայտնել ԱՄՆ-ի միջամտությանն առանձին երկրների արձագանքի և այն Վենեսուելայում մարդու իրավունքների վիճակով արդարացնելու փորձերի կապակցությամբ։ Նա հիշեցրել է, որ վարչակարգերի տապալումները «հաճախ հանգեցնում են մարդու իրավունքների զանգվածային խախտումների, վտանգավոր քաոսի և տևական բռնի հակամարտությունների»։ «Վենեսուելային անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը դադարի սահմանափակվել մարդու իրավունքների մասին դատարկ խոսքերով և կանգնի ՄԱԿ-ի կանոնադրության ու միջազգային իրավունքի պաշտպանության դիրքերում։ Հակառակ դեպքում հետևանքները սարսափելի կլինեն ողջ աշխարհում», - նախազգուշացրել է Թյուրկը։

Հունվարի 3-ին Վենեսուելայի արտգործնախարար Իվան Հիլ Պինտոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն հարձակվել է Կարակասի քաղաքացիական և ռազմական օբյեկտների վրա։ Նա Վաշինգտոնի գործողություններն անվանել է ռազմական ագրեսիա։ Վենեսուելայում հայտարարվել է արտակարգ դրություն։ Թրամփը հաստատել է, որ ԱՄՆ-ը մասշտաբային հարվածներ է հասցրել Վենեսուելային։ Նրա խոսքով՝ հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը գերեվարվել ու դուրս են բերվել երկրից։