Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հունվարի 6-ին Փարիզում կայացած «Վճռականների կոալիցիայի» հանդիպման ժամանակ՝ Ուկրաինայում արդար և տևական խաղաղություն հաստատելու բանակցային նախաձեռնությունների շրջանակում, բացառել է իտալական զորքերի ուղարկումը, ասված է Իտալիայի կառավարության հաղորդագրության մեջ:

«Կառուցողական և կոնկրետ հանդիպումը հնարավորություն է ընձեռել վերահաստատել Ուկրաինայի, Միացյալ Նահանգների, Եվրոպայի և մյուս գործընկերների միջև մերձեցման բարձր մակարդակը և նվիրված է եղել անվտանգության երաշխիքների հստակեցմանը՝ հիմնված Ատլանտյան դաշինքի 5-րդ հոդվածի վրա, ինչը վաղուց է առաջարկվել Իտալիայի կողմից», — նշվում է երկրի կառավարության հաղորդագրության մեջ:

Մանրամասնվում է, որ այդ երաշխիքները կդառնան համաձայնագրերի ավելի լայն փաթեթի մաս, որոնք կընդունվեն Վաշինգտոնի հետ սերտ համագործակցությամբ՝ Ուկրաինայի ինքնիշխանությունն ու անկախությունն ապահովելու համար, այդ թվում՝ սպասվող հրադադարի մոնիթորինգի արդյունավետ ու լավ կառուցված մեխանիզմի և ուկրաինական զինված ուժերի հզորացման միջոցով:

«Այս համատեքստում կոալիցիայի բոլոր անդամները նույնպես համաձայնեցին Ռուսաստանի վրա բարձր կոլեկտիվ ճնշումը պահպանելու կարևորության և անհրաժեշտության վերաբերյալ։ Վերահաստատելով Ուկրաինայի անվտանգության համար Իտալիայի աջակցությունը՝ համաձայն իր հետևողական հանձնառության, վարչապետ Մելոնին վերահաստատել է երաշխիքների վերաբերյալ Իտալիայի կառավարության դիրքորոշման մի քանի հիմնական կետեր, մասնավորապես՝ իտալական զորքերի տեղակայման բացառումը։ Կոալիցիայի երկրների մասնակցության կամավոր բնույթը բազմազգ ուժերին և ապագա հարձակման դեպքում Ուկրաինային աջակցելու սահմանադրական որոշումների կայացման ընթացակարգերի պահպանումը, ինչպես նշված է ընդունված հայտարարության մեջ, արտացոլում են այն սկզբունքները, որոնք Իտալիան բազմիցս վերահաստատել է», - նշել է կառավարությունը։