Ներկայումս գործող աշխատանքային պայմանագրերի մուտքագրման հնարավորությունը նոր էլեկտրոնային հարթակ, արդեն առկա է. առաջիկայում լինելու է Excel ձևաչափով ներմուծման հնարավորություն ու համապատասխան կոճակի միջոցով Excel ձևաչափը ներբեռնվում է, լրացվում են ամբողջ տեղեկատվությունը աշխատանքային պայմանագրերի վերաբերյալ և ձևավորվում են պայմանագրերը յուրաքանչյուր աշխատակցի մասով։ Այս մասին, այսօր՝ հունվարի 7–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «G solutions» ՊՈԱԿ թվային նախագծերի կառավարման դեպարտամենտի բիզնես–վերլուծաբան Աննա Պողոսյանը։
«Հիմնականում համակարգը շատ պարզ ու հարմարավետ է, այն դաշտերը, որոնք պարտադիր լրացման են, հուշում կա, որ եթե սխալ են լրացվում, ցուցադրվում է սխալը, նշվում է, թե ինչ պետք է ուղղել։ Կարծում եմ աշխատակիցների և գործատուների համար առավել հարմարավետ է համակարգը»,–ասաց նա։
Իր հերթին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության բաժնի պետ Ժորա Սարգսյանը նշեց, որ եթե գործատուն արդեն իսկ ստեղծում է պայմանագիր էլեկտրոնային համակարգում, կարող է մյուս աշխատողների մասով իր ստեղծած պայմանագրի հիման վրա փոփոխություններ կատարել. «Պայմանական, եթե ինքը արդեն իսկ հաշվապահ է ընդունել աշխատանքի և այդ հաշվապահի մասով ստեղծել է պայմանագիրը, ևս մեկ հաշվապահ է ընդունելու, ստացվում է, որ գրեթե բոլոր դաշտերը միանման են լինելու, ինքը մնում է փոխի անունը ազգանունը, վարձատրությունը, բայց հիմնական կարևոր կետերը արդեն իսկ ինքը կարող է իր եղածի վրա աշխատելով անել:
Քանի որ ընդունված աշխատողների մասով արդեն իսկ կա ՊԵԿ-ում գրանցման հայտեր, համակարգը այնպես է կառուցված, որ այդ գրանցման հայտի մեջի տեղեկատվությունը ինքնաշխատ եղանակով տեղափոխվի պայմանագիր, և մեր գործատուներին կմնա միայն համեմատել, թե գրանցման հայտնի տեղեկատվությունը, որը տեղափոխվեց պայմանագիր, որքանո՞վ է համապատասխանում իրականությանը»։
Հարցին՝ ի՞նչ ունեն անելու քաղաքացիները, Ժորա Սարգսյանն ասաց. «Նրանք, ովքեր եկամուտների հայտարարումը իրականացրել են, ունեն էլեկտրոնային ստորագրություն, այդքանով իրենց գործը հեշտացել է, բայց աշխատանքային հարաբերությունների դաշտում իրենք նորից պետք է պայմանագիրը ստորագրեն։ Երկու տարբերակ կա, անձինք, որոնք նոր են ընդունվելու աշխատանքի և նրանք, որոնք ընդունված են աշխատանքի։ նրանք, որոնք ընդունված են աշխատանքի, ընդամենը այս տարվա ընթացքում պետք է ինչ-որ մի օր գործատուի կողմից մուտքագրելուց հետո ստորագրեն իրենց պայմանագրերը։ Իսկ նրանք, որոնք ընդունվելու են աշխատանքի, զրոյից պետք է ստեղծվի իրենց համար պայմանագիր և իրենք պետք է ստորագրեն այդ պայմանագիրը, որ դառնան աշխատող։ Այդ դեպքում իրենք պետք է ստորագրեն այն օրը, որվանից հետո հաջորդ օրը պետք է գան աշխատանքի։
Նրանք, որոնք արդեն ունեն էլեկտրոնային ստորագրություն, իրենց համար դա ավելի հեշտ կլինի, իսկ նրանք, որոնք չունեն, որոնք մտածում են, որ աշխատելու են, թող օր առաջ դիմեն էլեկտրոնային ստորագրություն ձեռք բերելու համար։ Որովհետև երբ որ արդեն գա պահը, որ իրենք ուզում են աշխատել, միգուցե ստորագրություն չունենալը խոչընդոտի իրենց պայմանագիր կնքելուն»։





























