ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը Վենեսուելայի ընդդիմադիր ուժերի համար համաներում է ակնկալում։

ԱՄՆ Սենատում օրենսդիրների համար փակ ճեպազրույցից հետո լրագրողների հարցերին պատասխանելով՝ Ռուբիոն ներկայացրել է Վաշինգտոնի դիրքորոշումը Վենեսուելայում գործողությունների երեք փուլերի վերաբերյալ։

 «Առաջին քայլը երկրում կայունացումն է։ Մենք չենք ուզում, որ երկիրը գլորվի քաոսի մեջ,- հայտարարել է Ռուբիոն։ -Երկրորդ փուլն անվանում ենք վերակառուցում, որը ներառում է ամերիկյան, արևմտյան և այլ ընկերությունների համար Վենեսուելայի շուկաներ մուտքի ապահովումը։ Միևնույն ժամանակ, նախատեսվում է հաշտեցման գործընթաց սկսել Վենեսուելայի ներսում ազգային, որպեսզի ընդդիմադիր ուժերը կարողանան համաներում ստանալ, ազատ արձակվել բանտից կամ վերադառնալ երկիր՝ քաղաքացիական հասարակության վերակառուցումը սկսելու համար»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը։

«Երրորդ փուլը կլինի անցումային, դրանցից մի քանիսը [թվարկված փուլերը] կհամընկնեն»,- նշել է Ռուբիոն՝ պարզաբանելով, որ ԱՄՆ վարչակազմն առաջիկա օրերին իր ծրագրի մասին ավելի շատ մանրամասներ կներկայացնի։