Մենք որդեգրում ենք հարկային նոր մոտեցումների շատ հավակնոտ և մի քիչ էլ վախենալու ծրագիրը։ Այս մասին այսօր՝ հունվարի 8–ին, կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք համոզմունք ունենք, որ հիմա մեզ հարկավոր է, որ հարկային երկարաժամկետ կարգավորումներ որդեգրել։ Մենք դա գիտենք, հասկանում ենք, գիտակցում ենք, բայց գիտակցելը մի բան է, իրականացնելը երկրորդ բանը և դա անելու համարձակություն ունենալը երրորդ բանը։ Չեմ թաքցնի, այդ թվում վերջերս Ջերմուկում տեղի ունեցած գործարար աշխատաժողովի ժամանակ մենք զգուշորեն սկսել ենք քննարկել, որ առաջիկայում մենք պետք է դիտարկենք հարկային այնպիսի նոր օրենսգիրք ընդունելու տարբերակը, որ կկարողանանք ուժի մեջ պահել նույն կարգավորումները, ասենք, 10 տարի։ Այսինքն, եթե մենք կարողանանք հասնել այդ կետին, որ ընդունենք հարկային օրենսգիրք և արձանագրենք, որ հարկային այս կարգավորումները առաջիկա 10 տարում լինելու են ուժի մեջ և հաջորդ 10 տարվա փոփոխությունները քննարկվելու են նախորդող հինգ տարվա ընթացքում, սա իհարկե Հայաստանի այսպես ներդրումային միջավայր, գրավչությունը էականորեն կփոխի։
Մենք չենք արձանագրում որպես պարտավորություն, որովհետև ասում եմ՝ թաքցնելու բան չկա, սա բավականին բարդ և վախենալու թեմա է, բայց մենք հայտարարում ենք, որ մենք լրջորեն մոտենալու ենք այս հարցին և նաև փորձագիտական, գործարար հանրությանը արդեն իսկ հրավիրել ենք այս թեմայով քննարկումների։ Իհարկե գալու է պահը, երբ որ առաջանալու է ուղղակի քաղաքական պատասխանատվության խնդիր և մենք լրջորեն դիտարկում ենք այդ քաղաքական պատասխանատվությունը ստանձնելու տարբերակը»,–ասաց նա։
Փաշինյանը հավելեց, որ կառավարման արդյունավետությունը բարձրացնելու առումով էական է նաև թվայնացումը. «Մենք շատ ենք խոսում այն մասին, որ մեր կարգավորումները երբեմն շատ բարդ են, շատ երկար են, խճճված են և հանրապետության պատմության ընթացքում տարբեր փորձեր են եղել կարգավորումները հնարավորինս պարզեցնելու, և մենք եկել ենք այն եզրակացությամբ, որ այս խնդրի լուծման ուղիղ ճանապարհը թվայնացումն է։ Իհարկե, թվայնացման պրոցեսը գնում է առաջ, բայց առաջիկա շրջանում մենք ավելի մեծ ուշադրություն և կենտրոնացվածություն պետք է ունենանք թվայնացման վրա, որը մենք համարում ենք այդ թվում արդյունավետ կառավարման գործիք։
Պաշտոնյաների սուբյեկտիվ կամ թեկուզ օբյեկտիվ միջամտության անհրաժեշտությունը ուղղակի վերանում է, երբ որ թվայնացման գործիքները պատշաճ սկսում են գործել։





























