Ավիացիոն ոլորտում մենք պրոբլեմներ ունեցել ենք, բայց այս դեպքում էլ մենք չենք դադարել խնդիրներին առերեսվել, խնդիրների հետևից գնալ, փորձեր անել, այդ թվում սխալվել, այդ թվում ձախողվել, բայց արդյունքում մենք այսօր ունենք մի իրավիճակ, երբ Հայաստանի ավիացիոն շուկան գնալով ավելի ու ավելի գրավիչ է դառնում թե՛ տեղական, թե՛ օտարերկրյա ընկերությունների համար։ Այս մասին այսօր՝ հունվարի 8–ին, կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք հիմա գործնականում ամեն ամիս լսում ենք հայտարարություններ տարբեր միջազգային ավիաընկերությունների կողմից դեպի Երևան և Երևանից թռիչքներ իրականացնելու մասին և սա նույնպես շատ էական է։

Հաջորդը, երբ ես մտածում էի, թե այնուամենայնիվ էլ ինչ գործոններ կան, որ ազդել են զբոսաշրջության հոսքերի ավելացման վրա։ Զբոսաշրջիկը որոշում կայացնելիս, կես ժամում որոշում չի կայացնում, իրեն պետք է որոշակի ժամանակ։ Այդ որոշակի ժամանակը, իմ կարծիքով, արտահայտվել է նաև հետևյալ կերպ, երբ մարտի վերջին Հայաստանը և Ադրբեջանը հայտարարեցին խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները հաջողությամբ ավարտելու մասին, արդեն մայիսին զբոսաշրջության թվերի վրա դա արտահայտվեց։ Բնականաբար օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան գագաթաժողովը իր հերթին լրացուցիչ խթան դարձավ և արդեն օգոստոսից հետո զբոսաշրջային հոսքերի վրա արտահայտվեց։ Ես ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել ևս մի հանգամանքի վրա, որ էլի այո, սխալվելու և ձախողումների ճանապարհով, մենք հանրային մեծ, բարձրորակ միջոցառումներ կազմակերպելու կարողություն ենք ձեռք բերել։ Դա էլ պարզ բան չէ, որովհետև այս ընթացքում եղել են դեպքեր, երբ որ փորձել ենք պատշաճ որակի լավ միջոցառումներ կազմակերպել և միշտ չի, որ դա ստացվել է։

Բայց հիմա ես արձանագրում եմ, որ մենք մասշտաբային հանրային բարձրորակ միջոցառումներ կազմակերպելու հնարավորություն ունենք, և ես համոզված եմ, որ այդ միջոցառումների մասին հոլովակները, ռիլերը, որոնք հիմա շատ լայն տարածում են գտնում, Հայաստանի՝ որպես զբոսաշրջային ուղղություն, դերը և գրավչությունը էականորեն մեծացնում են։ Սրանք գործոններ են, որոնց մասին մենք անպայման պետք է խոսենք»,– հայտարարեց Փաշինյանը։