Այս տարիների ընթացքում շատ տեղական շրջադարձ է տեղի ունեցել ներքին զբոսաշրջության ուղղությամբ։ Այս մասին այսօր՝ հունվարի 8–ին, կառավարության նիստում նշեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

«Մեկ շնչին ընկնող ՀՆԱ–ն 9500 դոլար է, որը 2.4 անգամ ավելին է, քան 2017 թվականին էր, սա նշանակում է, որ մարդկանց եկամուտները ավելանում են, որքանով մարդկանց եկամուտները ավելանում են, այնքան նաև ներքին զբոսաշրջությունը դառնում է ավելի հետաքրքիր հանգստի անցկացման ձև։ Սա նույնպես մի պոտենցիալ է, որը մենք պետք է առաջիկայում լրջորեն և խրախուսենք, և նաև դիտարկենք մեր բոլոր որոշումներում։

Մենք այսօր կարող ենք Հայաստանում բազմաթիվ ուղղություններ նշել, որոնք առավելապես զարգանում են նաև ենթակառուցվածքի տեսանկյունից հենց ներքին զբոսաշրջային հոսքերի շնորհիվ։ Արդեն Դիլիջանում կամ Ենոքավանում գաղտնիք չի, որ տարվա ընթացքում երևի շատ քիչ օրեր են, որ հնարավոր է ազատ հյուրատուն գտնել։ Նաև Գորիսը դարձել է այդպիսի ուղղություն։ Դա հիմնականում ներքին զբոսաշրջության հաշվին է դա տեղի ունենում»,–ասաց նա։

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Շատ ճիշտ է դիտարկում է, ես անձամբ կամ մեր ընտանիքի անդամները այս տարի մի քանի դեպքով առնչվել են հյուրանոցի համար գտնելու խնդրի հետ, և դա իրողություն է։ Նախորդ օրն էլ Ջերմուկում էինք, և ես մի քանի անգամ հարցրեցի և հավաստիացա, որ իսկապես Ամանորի օրերին, գոնե հունվարի երեքի դրությամբ Ջերմուկում ազատ հյուրանոցային համարներ չեն եղել։ Այդ զարգացումը շատ էական և կարևոր է։

Բայց նաև ճիշտը պետք է ասենք, որ շատ դեպքերում օրինակ գնալ որևէ այլ երկրում հանգստանալ, վերադառնալը ավելի էժան է, քան Հայաստանում։ Իհարկե, այս դեպքում ես ենթադրում եմ նաև առաջարկ պահանջարկի գործոնը դեր ունի, և երբ հյուրանոցային կարողությունները մեծանան, գուցե նաև շուկան որոշակի կարգավորումներ կբերի»։