Շոտլանդիայում՝ Էդինբուրգում, ազատազրկման են դատապարտվել նեոնացիստ մայրն ու դուստրը, որոնք առցանց հրապարակել են հակասեմական, ռասիստական, տրանսֆոբիկ, շոտլանդացի դատավորի որակմամբ՝ «խորապես անհանգստացնող» նյութեր, հաղորդում է The Times-ը։

51-ամյա Շիրլի Քրաուջուելը և նրա 27-ամյա դուստրը՝ Հաննա Քրաուջուելը, մեղավոր են ճանաչվել ատելության հողի վրա 2021-2024 թվականներին կատարած՝ ռասայական և կրոնական նախապաշարումներով ծանրացած հանցագործությունների մեջ։

Գործը վերաբերում էր ծայրահեղական քարոզչությանը, Հոլոքոստի ժխտմանը և հրեաների ու այլ փոքրամասնությունների դեմ սպառնալիքներին։ Երեքշաբթի դատարանում շերիֆ Չարլզ Ուոլսը հայտարարել է, որ Շիրլի Քրաուջուելը բազմիցս հիացմունք է հայտնել Ադոլֆ Հիտլերի նկատմամբ, տարածել դավադրության տեսություններ «սպիտակների ցեղասպանության» մասին և նոր Հոլոքոստի կոչ արել։

Շերիֆը շեշտել է, որ Շիրլիի վարքագիծը գերազանցել է վիրավորական դիտողությունները և ներառել  բռնություն և սպառնալիքներ հրեա ժողովրդի դեմ։

Միևնույն ժամանակ, դատարանին հայտնել են, որ Հաննա Քրաուջուելն օգտագործել է «Հաննա Հիտլեր» առցանց կեղծանունը, իր համայնքում տարածել է նեոնացիստական ​​քարոզչություն և ծայրահեղական թռուցիկներ, ինչպես նաև բազմաթիվ հարթակներում հրապարակել է հակասեմական, ռասիստական ​​և տրանսֆոբիկ բովանդակություն։